Թալիբներն ուզում են ելույթ ունենալ ՄԱԿ-ում

289

Աֆղանստանում վերահսկողություն հաստատած «Թալիբան» իսլամիստական շարժումը հայտարարել է, որ ցանկանում է ելույթ ունենալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, որը հիմա ացկացվում է Նյու Յորքում։

ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հաստատել է, որ թալիբների կողմից Աֆղանստանի արտաքին գործերի նախարար նշանակված Ամիր Խան Մութաքին նամակ է հղել կազմակերպությանը՝ խնդրելով ելույթ ունենալ Գլխավոր ասամբլեայում։ Մութաքին չի նշել՝ մտադիր է անձա՞մբ ժամանել ԱՄՆ, թե՞ տեսաուղերձ հղել, ինչպես անում են աշխարհի շատ քաղաքական գործիչներ Covid-19-ի համավարակի ընթացքում։

Թալիբների նամակում ասվում է, որ ՄԱԿ-ում Աֆղանստանի գործող մշտական ներկայացուցիչ Գուլիմ Իսկազայն այլևս երկրի ներկայացուցիչը չի հանդիսանում, քանի որ նրա կառավարությունը հեռացվել է իշխանությունից։ Այնուհանդերձ, հենց Իսկազայն է Ասամբլեայում ելույթ ունենալու եկող երկուշաբթի՝ դիվանագետն արդեն ՄԱԿ է ուղարկել համապատասխան ուղերձը։

Դյուժարիկը տեղեկացրել է, որ այն որոշումը, թե ով պետք է ներկայացնի Աֆղանստանի կառավարությանը, պետք է կայացնի ՄԱԿ-ի հավատարմագրման կոմիտեն, որում այժմ ընդգրկված են Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄՆ-ը, ՀԱՀ-ը, Սիեռա-Լեոնեն, Չիլին, Բութանը և Բագամները։ Սակայն հայտնի չէ, թե արդյո՞ք այդ որոշումը կընդունվի մինչև ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեայի 76-րդ նստաշրջանի ավարտը։ Ի դեպ, ինչպես France Presse-ին հաղորդել է դիվանագիտական աղբյուրը, նախկինում հավատարմագրման կոմիտեն նման որոշումներ չի կայացրել և նախընտրել է հարցը քվեարկության դնել Գերագույն ասամբլեայում։

Մինչ այժմ թալիբներին պաշտոնապես չի ճանաչել աշխարհի ոչ մի երկիր։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԿարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Մեցի մրցաշարում
Հաջորդ հոդվածըԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի առաջնորդները քննարկել են իրավիճակն Աֆղանստանում