‘Թայվանի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել զինակոչիկի մահվան պատճառով’

872

Թայվանի պաշտպանության նախարար Կաո Հուաչժուն հրաժարական է տվել՝ զինակոչիկի մահվան պատճառով ծագած աղմկոտ սկանդալից հետո, հաղորդում է թայվանական Central News լրատվական գործակալությունը: Պաշտոնապես ՊՆ ղեկավարի պաշտոնաթողության մասին այսօր հայտարարել է երկրի վարչապետը՝ չմանրամասնելով, սակայն, դրա պատճառները, որոնք հայտնի են դարձել հենց Կաո Հուաչժուի մեկնաբանություններից: Հրաժարականի պատճառ է դարձել  հուլիսի 4-ին ջերմային հարվածի հետևանքով 24-ամյա կապրալ Հուն Չժունցզյուի մահվան կապակցությամբ երկրում բարձրացած վրդովմունքի ալիքը: Մահվանից առաջ զինվորին ստիպել են ակտիվ վարժություններ կատարել արևի տակ՝ որպես պատիժ այն բանի համար, որ նա զորամաս է բերել տեսագրող սմարթֆոն: Թեև զինվորը մի քանի անգամ խնդրել է իրեն ջուր տալ, հրամանատարը մերժել է նրա խնդրանքը:

Կապրալի մահը դժգոհության ալիք է բարձրացրել հանրության շրջանում: Հազարավոր ցուցարարներ բողոքի ակցիաներ են կազմակերպել ՊՆ-ի մոտ: Թայվանի նախագահը և պաշտպանության արդեն նախկին նախարարը պաշտոնապես ներողություն են խնդրել կատարվածի առթիվ, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Հռոմի պապը հրաժեշտ է տվել Բրազիլիային’
Հաջորդ հոդվածը‘Բաղդադում պայթյուններ են որոտացել, կան զոհեր’