‘Թանկացումներ՝ «հօգուտ ժողովրդի». Ցինիզմ՝ առանց սահմանների ‘

2019

Կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանն այսօր սենսացիոն հայտարարություն է արել: Խոսելով տրանսպորտի հնարավոր թանկացման մասին՝ նա հայտարարել է, թե «այս պահին թանկացումներ չկան, աշխատում ենք, որ դա լինի մինիմալ ու ի օգուտ ժողովրդի»:  Ապա հավելել է, թե «Չեք մնա առանց տրանսպորտի, իհարկե»:

Ինչ խոսք, Գագիկ Բեգլարյանը երբեք էլ չի փայլել հարուստ եւ առատ բառապաշարով, սակայն նույնիսկ այս պարագայում արել է այնպիսի հայտարարություն, որը հերթական անգամ ակնհայտորեն բնորոշեց իշխանության բացահայտ ցինիզմը:

Որովհետեւ հնարավոր չէ այլ բան, քան ցինիզմ անվանել այն հայտարարությունը, երբ չինովնիկը պնդում է, թե «աշխատում ենք, որ թանկացումները լինեն ի օգուտ ժողովրդի», մինչդեռ ակնհայտ է, որ որեւէ թանկացում չի կարող լինել «ի օգուտ ժողովրդի»: Դա նույն բանն է, եթե մեկը հայտարարի, թե ինքն այնպես է մորթելու տնային կենդանիներին, որ դա լինի հօգուտ այդ կենդանիների: Եթե արդյունքում խեղճ կենդանին մորթվելու է, ապա ի՞նչ օգուտ նա կարող է ունենալ, որը կարող է համարժեք լինել մորթվելուն: Հիմա, եթե տրանսպորտը արդյունքում թանկանալու է, ապա ի՞նչ այլ՝ թանկացմանը համարժեք արդյունք այն պետք է տա, որ հօգուտ ժողովրդի լինի: Տրամանաբանական է, որ անգամ 5 կամ 10 դրամ թանկացումն արդեն կհարվածի մարդկանց գրպանին, եւ օգուտի մասին խոսողները, ինչպես ժամանակին Սերժ Սարգսյանի մասին արտահայտվում էր Վազգեն Մանուկյանը, «կամ իդիոտ են, կամ տականք»:

Հիմա՝ երկրորդ ցինիզմը: Նախարարն ասում է, թե «չեք մնա առանց տրանսպորտի»: Եւ դա ասվում է այնպես, ասես իշխանությունները դեռ մի բան էլ մի աննկարագրելի լավություն են անում մարդկանց, իրենց համար հասկանալի լեքսիկոնով ասած՝ «ադալժենի են անում»՝ մոռանալով, որ իրենք նույն ժողովրդի գրպանից ձեւավորված բյուջեից աշխատավարձ են ստանում ոչ թե ժողովրդին «ադալժենի անելու», այլ՝ կոնկրետ խնդիրներ լուծելու համար:

Բայց մյուս կողմից էլ՝ այստեղ զարմանալ պետք չէ: Բանն այն է, որ կոնկրետ այս պարագայում տրանսպորտի խնդիրները «լուծում են» կամ փորձում են «լուծել» մարդիկ, ովքեր, բնականաբար, չեն օգտվում նույն այդ հասարակական տրանսպորտից: Ավելին, տրանսպորտի հետ նրանց միակ առնչությունը թերեւս ավարտվում է գիծ ունենալ-չունենալով: Այսինքն՝ պատճառն այս պարագայում փորձում է լուծել պատճառը: Չի՛ կարող լինել նման բան:

Այս առանձին օրինակը արտացոլում է հենց ամբողջ երկրում տիրող իրավիճակը: Աղքատության դեմ «պայքարում են» մարդիկ, ովքեր, նախ՝ իրենք վաղուց միլիոնատեր են, երկրորդն էլ՝ հենց իրենց թալանի արդյունքում միլիոնատեր դառնալու հետեւանքով մեծանում է աղքատությունը, կոռուպցիայի դեմ «պայքարում են» կոռուպցիոներները, ժողովրդավարությունից խոսում են ժողովրդավարությունը խեղդողները, եւ այսպես շարունակ: Սա հենց իշխանության ցինիզմի ամենամեծ եւ բացահայտ դրսեւորումն է:

Երբ գողը գոռում է «հարա՜յ, օգնեցե՜ք, բռնե՜ք գողին», տրամաբանությունը սկսում է նահանջել, ու Սերժ Սարգսյանի ասած՝ «խիյարը սկսում է թարս բուսնել»:

Պարգեւ Ապրեսյան

 

 

 

 

 

Նախորդ հոդվածը‘Այսօր «Ոսկե Ծիրանի» շրջանակներում ցուցադրվող ֆիլմերի ցանկը’
Հաջորդ հոդվածը‘Շուշան Պետրոսյանի ամուսինը մոտոցիկլետով վթարի է ենթարկվել’