‘Թարս «խիյար» եւ «եկել ես ստեղ, որ ի՞նչ անես» ադրբեջանական ձեւով’

1815

Հումորիստների տեղն Ադրբեջանում վաղուց և հաստատուն կերպով զբաղեցրել են քաղաքական գործիչները, ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի կոնֆլիկտաբանության և միգրացիայի դեպարտամենտի ղեկավար Արիֆ Յունուսովը:

«Ամենից շատ ծիծաղ են հարուցում Իլհամ Ալիևի թևավոր խոսքերը: 2012 թ. նա հայտարարել է, որ Ադրբեջանի տնտեսական հաջողությունները հանգեցրել են այն բանին, որ արտերկրում շատերն սկսել են առաջարկել իրենց դանդաղեցնել երկրի զարգացումը, քանի որ դա խանդ է հարուցում մյուսների մոտ: Ինչից հետո դիմել է ներկաներին`«Գուցե, մի փոքր դանդաղեցնե՞նք»: Ալիևի նախադասությունը թևավոր խոսք է դարձել, այդ թեմայով նույնիսկ երգ է ստեղծվել»,- նշել է Յունուսովը:

Կոնֆլիկտաբանը հիշեցրել է նաև վարչապետ Արթուր Ռասիզադեի կողմից սննդամթերքի գների բարձրացման պատճառների հանճարեղ բացատրության մասին: Վերջինս դրանում մեղադրել է բնակչությանը, որը կլոր տարին թարմ վարունգ է սպառում: Գանգատվելով, որ դա վնասակար է առողջության համար և հանգեցնում է ինֆլյացիայի`վարչապետը խորհուրդ է տվել ադրբեջանցիներին ձմռանը վարունգի թթու ուտել, ինչն օգտակար է և չի հանգեցնում ինֆլյացիայի: Բարձրագույն ղեկավարությունից, Յունուսովի խոսքով, հետ չեն մնում նաև մնացած նախարարները, պատգամավորները և բարձրաստիճան պաշտոնյաները: Մասնավորապես, օրերս բանակ զորակոչման ծառայության պետ Արզու Ռահիմովը, մեկնաբանելով պատճառները, որոնք ստիպում են զորակոչիկներին գիտակցաբար թաքցնել իրենց հիվանդությունների մասին տեղեկատվությունը, հայտարարել է, թե «նրանք դա թաքցնում են, քանի որ ցանկանում են ծառայել բանակում»:

«Եվս մեկ թևավոր խոսք է դարձել կառավարող «Ենի Ազերբայջան» կուսակցությունից պատգամավոր Սիյավուշ Նովրուզովի միամիտ պատասխանն Ադրբջանում ավելի ու ավելի հաճախ հնչող`«իշխանության համար աշխատելու» մեղադրանքին: «Իսկ միթե՞ իշխանության համար աշխատելը մեղք է»,- ասել է նա: Պարզ է, որ նման հայտարարություններից հետո Ադրբեջանում հումորիստների և երգիծաբանների անհրաժեշտության հարց է առաջանում: Մեր կյանքն առանց այդ էլ ուրախ է`շնորհիվ ադրբեջանցի քաղաքական գործիչների թևավոր արտահայտությունների»,- ամփոփել է Յունուսովը:

 

Նախորդ հոդվածը‘Մովսես Հակոբյան. Հակառակորդի նպատակն է վնաս հասցնել մեր զորքերին ‘
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյան. Մենք շատ լավ գիտենք, թե ով եւ ինչքան արյուն է թափել’