‘Թբիլիսիում վիրահատված Հրանտ փիղը ուշքի է եկել ‘

1158

Հրանտ փիղը,  որին սեպտեմբերի 18-ին Թբիլիսիի կենդանաբանական այգում բարդ վիրահատության էին ենթարկել կոտրված ժանիքը հեռացնելու համար, ուշ երեկոյան ուշքի է եկել։

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Գրուզիան», մինչ այդ մի քանի ժամ մասնագետները փորձել են կենդանուն դուրս բերել անզգայացումից։ 

Ժանիքների հեռացման վիրահատությունը բավականին բարդ և լարված գործընթաց է, որը պահանջում է տասնյակ մարդկանց ջանքեր: Մեկ ժանիքի հեռացումը մի քանի ժամ է տևում, իսկ նման վիթխարի կենդանու տևական անզգայացման վիճակում գտնվելը վտանգավոր է նրա կյանքի համար։ Եղել են դեպքեր, երբ նման վիրահատությունից հետո փղին չի հաջողվել դուրս բերել անզգայացման վիճակից, և կենդանին մահացել է:

Թբիլիսիի կենդանաբանական այգու ղեկավարության հաղորդման համաձայն, կոտրված ժանիքի հետ միասին բժիշկները հեռացնել են քարերը, մանրախիճը, ավազը և հսկայական կիստան, որն էլ հենց օրգանիզմում բորբոքային պրոցեսի առաջացման և վարակի տարածման աղբյուրն է եղել։ Հրանտ փղի երկրորդ ժանիքի հեռացումը, ինչպես ավելի վաղ նախատեսվում էր, անմիջապես չի հաջողվել: Ամենայն հավանականությամբ, երկրորդ վիրահատության կարիք կլինի, որը կիրականացվի վեց ամիս հետո։  

Կենդանաբանական այգու ղեկավարությունը Facebook ցանցում գրավոր հայտարարությամբ շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր անհանգստանում էին փղի կյանքի համար: Մարդիկ հարյուրավոր մեկնաբանություններ են թողել փղի վիրահատության վերաբերյալ հաղորդումների ներքո, իսկ Հրանտի անզգայացումից ուշքի գալու տեսագրությունը մի քանի հազար «լայք» է հավաքել։ 

Հիշեցնենք, որ 18-ամյա ասիական փիղ Հրանտը Երևանի կենդանաբանական այգուց Թբիլիսիի մշտական բնակավայր էր տեղափոխվել այս տարվա հունիսի 13-ին:

 

 

Նախորդ հոդվածը‘ՖԻՖԱ-ն պարտավորեցրել է վերադարձնել ժամացույցները ‘
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Անկախ Հայաստան. հպարտություն եւ ամոթ’