‘Թբիլիսիում փորձ է արվել գրոհել խորհրդարանի շենքը’

858

Թբիլիսիում ոստիկանությունը արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ և ռետինե փամփուշներ է կիրառելՎրաստանի խորհրդարանի շենքի մոտ հանրահավաքը ցրելու համար։

Կառավարության անդամների հրաժարականը պահանջող ցուցարարները փորձել են ներխուժել խորհրդարանի շենքի բակը։

Բողոքի ցույցերն սկսվել են այն բանից հետո, երբ Ռուսաստանի պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը դիմել է Թբիլիսիում անցկացվող՝ Ուղղափառության միջխորհրդարանական համաժողովի մասնակիցներին՝ վրացական խորհրդարանի խոսնակի աթոռին նստած։ Գավրիլովը ռուսերեն է դիմել  համաժողովի՝ հիմնականում ուղղափառ երկրներից ժամանած մասնակիցներին, ինչը զայրացրել է վրաց քաղաքական գործիչներին և շարքային քաղաքացիներին, որոնք չափազանց բացասական են վերաբերվում ռուսաստանյան ներկայությանը իրենց երկրում։

Մամուլի տվյալների համաձայն՝ խորհրդարանի շենքի մոտ հավաքված առնվազն 10 հազար ցուցարարները ճեղքել են ոստիկանական շղթան՝ պահանջելով խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի և ուրիշ պաշտոնյաների հրաժարականը։ Ցուցարարներից ոմանք կրել են Եվրամիության դրոշը և «Ռուսաստանն օկուպանտ է» մակագրությամբ պաստառներ։

Ոստիկանությունը կարողացել է չեզոքացնել խորհրդարանի գրոհի փորձը և լուսադեմին ցրել է Ռուսթավելի պողոտայում հավաքված ցուցարարների մեծ մասին։ Սակայն ցուցարարների մի մասը, այնուամենայնիվ, մնացել է տեղում։

Ոստիկանության և ցույցի մասնակիցների միջև բախումների արդյունքում կան տուժածներ, Վրաստանի առողջապահության նախարարության հաղորդման համաձայն՝ 14 ցուցարար և 38 ոստիկան։

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն  երկիրն իրավական հարթությունից դուրս մղելու մեջ մեղադրել է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը։

Փոխանցում է BBC-ն։

 

Նախորդ հոդվածը‘«Մանչեսթեր Յունայթեդը» 112 միլիոն եվրո է հատկացրել ամառային տրանսֆերներին’
Հաջորդ հոդվածը‘Ինչպես է ֆրանսիացի նախարարի դիմակը կրող մարդը միլիոններ գողացել’