‘Թբիլիսիում և Վրաստանի այլ քաղաքներում սեպտեմբերի 19-ին տեղի են ունեցել բողոքի ակցիաներ’

937

Սեպտեմբերի 19-ին Թբիլիսիում և Վրաստանի մի շարք  քաղաքներում կրկին բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, որոնք սկսվել են սեպտեմբերի 18-ի երեկոյան՝  Գլդանի թիվ 8 բանտում կալանավորների խոշտանգումների վերաբերյալ կադրերը մի քանի հեռուստաընկերությունների կողմից եթեր հեռարձակելուց հետո: 

Կալանավորների հարազատները հավաքվել են բանտերի մոտ, այդ թվում Գլդանի բանտի մոտ, որտեղ դեռևս սեպտեմբերի 18-ի երեկոյան հացադուլ են հայտարարել կալանավորների մայրերը: Ի պաշտպանություն կալանավորների՝ բանտերի մոտ են հավաքվել իրավապաշտպաններ և շարքային քաղաքացիներ: Գրեթե բոլոր ակցիաներին մասնակցել են «Վրացական երազանք» դաշինքի շապիկներով երիտասարդներ, այդ դաշինքի ակտիվիստները և համակիրները:  Ակցիայի մասնակիցները պահանջել են պաշտոնանկ անել և քրեական պատասխանատվության ենթարկել նաև վարչապետ Վանո Մերաբիշվիլիին, ներքին գործոց, արդարադատության նախարարներին, այլ պաշտոնատար անձանց, ովքեր այս կամ այն կերպ պատասխանատու են բանտերում կատարվող ապօրինությունների համար:

Վրաստանի իշխանություններն արդեն ոստիկանության պարեկային ստորաբաժանումներ են ուղարկել բանտեր՝ այնտեղի աշխատակազմերին փոխարինելու համար: Բանտերի ընդունարաններում սկսվել է հարազատների հետ կալանավորների՝ հերթից դուրս տեսակցությունների ցուցակագրումը:  Այս նախաձեռնության հեղինակը Միխայիլ Սահակաշվիլին է: 

Հիշեցնենք, որ Թբիլիսիի Գլդանի բանտի շուրջ սկանդալը ծագել է սեպտեմբերի 18-ին, երբ բանտի մի խումբ աշխատակիցներ ձերբակալվեցին դատապարտյալների նկատմամբ դաժան վերաբերմունքի մեղադրանքով:

Լուսանկարը՝ NEWSGEORGIA

Նախորդ հոդվածը‘Հարսնաքարը պայթեցնելու փորձ կատարած փոխգնդապետի դատը՝ սեպտեմբերի 25-ին ‘
Հաջորդ հոդվածը‘Գովազդ Նյու Յորքի մետրոյում. «Աջակցիր Իսրայելին: Հաղթիր ջիհադը»’