‘«Թեւանիկի» ոդիսականը՝ 2014-ին ‘

1122

«Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամը 2014 թվականի ընթացքում ավարտել և մայիսի 5- ին կինոթատրոն «Մոսկվայում» հանդիսատեսի դատին է ներկայացրել իր ստեղծած «Թևանիկ» լիամետրաժ գեղարվեստական կինոնկարը:

Ֆիլմը երեք մասից է, երեք պատանիների՝ Արամի, Աստղիկի և Թևանիկի ճակատագրերի դրամատիկ պատմությունն է, որոնց միջոցով ռեժիսո Ջիվան Ավետիսյանը պատմում է պատերազմական իրավիճակում հայտնված հայկական փոքրիկ գյուղի մեկ օրվա կյանքի, նրա մարդկանց, նրանց սիրո և անձնազոհության մասին: Թեև առօրյա խաղաղ կյանքը փոխվել է, բայց մարդիկ դեռևս դժվարանում են ըմբռնել պատերազմական իրավիճակի ողբերգականությունը: Նրանք չեն էլ հասցնում դա անել, քանզի դեպքերը զարգանում են թավագլոր արագությամբ և նրանք կանգնում են ճակատագրական հարցերի առաջ:

Ֆիլմն արտադրել է «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամը Հայաստանի ազգային կինոկենտրոնի և լիտվական «Արթբոքս» կինոընկերության հետ համատեղ: Ֆիլմը ստեղծվել է Առնոլդ Աղաբաբովի «Թևանիկ» կինոսցենարի հիման վրա, սցենարը շարունակել է Կարինե Խոդիկյանը, երաժշտությունը գրել է Յոնաս Յուրկունասը: Ֆիլմի պրոդյուսերներն են Մասիս Բաղդասարյանը, Գևորգ Գևորգյանը և Կեստուտիս Դրազդաուսկասը: Ֆիլմի տևողությունը 81 րոպե է: Նկարահանումները տեղի են ունեցել Արցախի Պատարա և Խաչեն գյուղերում: Նկարահանումների իրականացմանն աջակցել է ԼՂՀ կառավարությունը:

«Մոսկվա» կինոթատրոնում 2014 թվականի մայիսի 5-ին կայացած պրիմերայից հետո ֆիլմը ցուցադրվել է Կաննի 67-րդ կինոփառատոնի շուկայում և արժանացել է փառատոնի մասնագիտական շրջանակների ուշադրությանը: Այս տարվա ընթացքում ֆիլմը ցուցադրվել է տասնյակից ավելի Եվրոպական երկրներում, Ռուսաստանում, Լիբանանում և Իրանի իսլամական հանրապետությունում: Առաջիկայում շարունակվելու են ֆիլմի ցուցադրությունները տարբեր երկրներում, մասնավորապես, հունվարի 9- ից 16-ը «Թևանիկը» ցուցադրվելու է Ամերիկայի միացյալ նահանգներում՝ Լոս Անջելես, Սան Ֆրանցիսկո, Բոստոն և Վաշինգտոն քաղաքներում:

Արտասահմանյան ցուցադրություններին զուգահեռ ֆիլմը երեք ամիս շարունակ ցուցադրվել է «Մոսկվա» կինոթատրոնում, զորամասերում, Հայաստանի տարբեր քաղաքներում, այդ թվում սահմանամերձ բնակավայրերում: Ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ «Կինոաշուն 2014» ծրագրի շրջանակներւմ «Թևանիկը»  ցուցադրվել է դպրոցներում, ԲՈՒՀ-երում, մի շարք հիմնարկներում և կազմակերպություններում: Երևանի  «Ոսկե Ծիրան» և Վրաստանի  «Պրոմեթևս » կինոփառատոնների համատեղ  կինոէքսպրես  ծրագրի  շրջանակներում  «Թևանիկ»-ը ցուցադրվել է Գյումրի, Ամասիա, Վանաձոր, Ալավերդի,ինչպես նաև Վրաստանի Նինոծմինդա, Ախալքալաք և Բորժոմի քաղաքներում:

«Թևանիկի» հատուկ ցուցադրությամբ է փակվել Վրաստանի «Թբիլիսյան Պրոմեթևս միջազգային կինոփառատոնի» Հայաստան-Վրաստան կինոէքսպրեսը:

«Թևանիկ» ֆիլմը 2014 թվականին արժանացել է մի շարք հեղինակավոր մրցանակների. Երևանի միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրերի ամփոփման արդյունքներով ֆիլմն արժանացել է «Ոսկե ծիրան» գլխավոր մրցանակին, Չինաստանի Խիան քաղաքում անցկացված «Fist Silk Road International Film Festival»-ում՝ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին, Լոս Անջելեսի միջազգային կինոփառատոնում՝ «Լավագույն սցենարի համար» մրցանակին, իսկ Հռոմի Overlook 2014 — 5th CinemAvvenire կինոփառատոնի միջազգային ֆիլմերի մրցույթում ժյուրիի մրցանակին լավագույն ինքնատիպ աշխատանքի համար:

Ներկայումս «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամը աշխատանքներ է տանում նոր` «Վերջին բնակիչը» գեղարվեստական ֆիլմի ստեղծման ուղղությամբ: 

Նախորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Կլինի՞ «վիզ դնեք, որ էլ վիզ չդնեք»…’
Հաջորդ հոդվածը‘«Լևոն Հայրապետյան. կալանված ազատություն» ֆիլմի պրեմիերան (տեսանյութ)’