‘Թեքսասի նահանգապետը հրաժարվել է օդանավակայանում դիմավորել Օբամային’

896

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի այցը Թեքսաս անակնկալով է սկսվել. նահանգապետը՝ հանրապետական Ռիք Փերրին, հրաժարվել է  երկրի ղեկավարին դիմավորել Օսթին քաղաքի օդանավակայանում, դրա փոխարեն նա ամերիկյան նախագահին հրավիրել է «ավելի բովանդակալից» անձնական զրույցի:

Փերրին երկրի ղեկավարին դիմավորելու ավանդույթին դեմ է գնացել, քանի որ, նրա կարծիքով՝ «արագ ձեռքսեղմումը ինքնաթիռի շարժասանդուղքի մոտ թույլ չի տալիս կենսական հարցեր շոշափել»: Ինչպես հաղորդել է Politico-ն« Թեքսասի նահանգապետը մտադիր է «քննարկել նահանգի հարավում՝ Ռիո-Գրանդե գետի հովտում անվտանգության բնագավառում ծավալվող հումանիտար  հարցեր և խնդիրներ»:

ԱՄՆ նախագահի աշխատակազմում համաձայնել են Փերրիի առաջարկին և նրան հրավիրել կլոր սեղանի՝ Բարաք Օբամայի հետ, որը կկայանա այսօր:

Ռիք Փերրին պայքարում էր 2012 թ. նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցությունը ներկայացնելու իրավունքի համար: Սակայն ընտրարշավը նրա համար հաջող չեղավ, նրա ելույթներն առանձնապես հետաքրքրություն չէին առաջացնում, և նա արագորեն կորցնում էր ընտրողների աջակցությունը, որը քարոզարշավի սկզբում բավական ծանրակշիռ էր: Արդյունքում՝ նա հրաժարվեց պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարից: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Բարեբախտաբար՝ Բրազիլիայում մեծ անկարգություններ չեն եղել’
Հաջորդ հոդվածը‘Երկրորդ կիսաեզրափակիչ. Արգենտինա-Նիդեռլանդներ’