‘Թեքսաս. Հղի կնոջ կենսապահովման սարքը կանջատվի’

946

Ամերիկյան դատարանը թույլ է տվել անջատել Թեքսասի բնակչուհի Մարլիզ Մունյոսի կենսապահովման սարքը, որի մոտ ուղեղի մահացում է արձանագրվել: Ֆորտ-Ուորտի հիվանդանոցի բժիշկները արհեստական ճանապարհով պահպանում էին հղիության 22 շաբաթում գտնվող Մունյոսի կենսագործունեությունը, որպեսզի պահպանեն պտուղը: Դատարանը բժիշկներին պարտավորեցրել է մինչև երկուշաբթի դադարեցնել այդ գործողությունները: Հիվանդի ամուսինը՝ Էրիկ Մունյոսը, հատարարել է, որ թե՛ ինքը, թե՛ իր կինը բժիշկներ են, ուստի կարող են այդ հարցով խելամիտ որոշում կայացնել:

33-ամյա Մարլիզ Մունյոսը հանկարծակի կորցրել էր գիտակցությունը երկու ամիս առաջ, երբ հղիության 14 շաբաթում էր: Նրա ամուսինը դատարան է դիմել հունվարի 14-ին՝ հայտարարելով, որ իր կնոջ օրգանիզմի կենսապահովումը հակասում է այն հայացքներին, որոնք նա դավանել է իր կյանքի ընթացքում: «Մարլիզ Մունյոսն իրավաբանորեն մահացած է, և մահացածի մարմնի վրա վիրահատական գործողություններ կատարելը պարզապես վրդովեցուցիչ է»,- հայտարարել է Մունյոսը:

Դատարանը նաև նշել է, որ եթե Մունյոսը փաստացի մահացած է, ապա «Թեքսասի օրենքներով՝ չի կարող համարվել «հղի պացիենտ», ուստի այն օրենքը, որն արգելում է  հղի կնոջը զրկել կենսական անհրաժեշտության բուժումից, այս դեպքում կիրառելի չէ:

Մունյոսի փաստաբանները նաև պարզել են, որ այժմ 22 շաբաթական պտուղը որոշ ժամանակ թթվածին չի ստացել և «զարգացման ակնհայտ շեղումներ ունի»:

Ֆորտ-Ուորտ քաղաքի հիվանդանոցին հրահանգվել է առաջիկա երկուշաբթի անջատել Մարլիզ Մունյոսի արհեստական կենսապահովման սարքը, փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Թաիլանդում կքննարկեն խորհրդարանական ընտրությունները հետաձգելու հարցը’
Հաջորդ հոդվածը‘«Լյուբով Օռլովան» սպառնում է Բրիտանիային. ուրվական-նավն անկառավարելի է’