‘Թե ինչպես է Տիգրան Սարգսյանը Մեծ Մանթաշի (337 միլիոն+X) գումարը դարձնում 270 մլն ‘

3035

Այսօր տեղի ունեցած կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը, անդրադառնալով շինարարության ոլորտում առկա խնդիրներին, մեկ ուշագրավ օրինակ է բերել, թե ինչպես կարող են փոշիանալ, նրա խոսքով` վատնվել, իսկ ավելի կոնկրետ՝ թալանվել պետբյուջեից շինարարության համար հատկացված գումարները: «Տեղյակ եք, որ անցած շաբաթ ես այցելել էի Շիրակի մարզ։ Կոնկրետ պետական բյուջեից 270 մլն դրամ էր հատկացվել Մեծ Մանթաշ գյուղում դպրոցաշինության համար։ Այս պահի դրությամբ, նախնական արդյունքներով, շուրջ 200 մլն դրամն ուղղակի փոշիացված է։ Ավելին, դպրոցը երրորդ աստիճանի վթարային է, և նշանակում է, որ այդ ծախսերը մենք ուղղակի անիմաստ ենք կատարել։ …Ինձ նախարարը զեկուցեց, որ գործերն արդեն հանձնվել են դատախազություն, և մենք ուշադիր հետևելու ենք այս գործերին, որպեսզի մեղավորներն անպայման պատժվեն։ Նոր գործերը նույնպես անպայման հանձնելու ենք դատախազություն»,- ասել է Սարգսյանը: Այսպիսով, արդեն տեւական ժամանակ Մեծ Մանթաշում ընթացող, այսպես կոչված, շինարարության, կամ ավելի ճիշտ` դրա գրեթե բացակայության մասին Հայաստանի իշխանություններն ընդամենը օրերս են իմացել: Դա, համաձայնեք` մի քիչ տարօրինակ է հնչում: Այսինքն՝ քանի ամիս է՝ որեւէ պատասխանատու մարդ այդ կողմերով չի՞ անցել, որեւէ մեկը չի՞ գնացել տեսնելու, թե ինչպես է վերանորոգվում դպրոցը, նույնիսկ պատահականորեն որեւէ մեկը չի՞ անցել այնտեղով` ո՛չ գյուղապետարանի, ո՛չ մարզպետարանի, ո՛չ քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչները, ո՛չ էլ այն պատգամավորները, ովքեր առաջարկել են այս կետը մտցնել 2012-ի պետական բյուջեի նախագծո՞ւմ: Եւ սա այն դեպքում, երբ այս ֆինանսավորմանը մի ամբողջ շղթա է մասնակցել: Այսինքն` եղել են պատասխանատուներ,  որոնք մինչեւ հիմա, չգիտես ինչու,  տեղյակ չեն եղել իրականության մասին: Բայց խնդիրը միայն դա չէ: Խնդիրը Սարգսյանի նշած 270 մլն դրամն է, այն դեպքում, երբ ըստ տարբեր փաստաթղթերի՝ ֆինանսավորումը շատ ավելի մեծ է եղել: Այսպես, «ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում եւ ՀՀ ԱԺ լիագումար նիստում ՀՀ 2012 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման արդյունքներով ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների, պատգամավորական խմբերի, խմբակցությունների եւ անհատ պատգամավորների կողմից ՀՀ կառավարություն ներկայացված առաջարկությունների եւ եզրակացությունների» ամփոփաթերթիկի 82-րդ կետում հստակ ամրագրված է, որ ԱԺ ՀՀԿ, ԲՀԿ և ՕԵԿ պատգամավորական խմբակցություններն առաջարկ են ներկայացրել Շիրակի գ. Մեծ Մանթաշի դպրոցի հիմնանորոգման վերաբերյալ` առաջարկելով այդ նպատակով տրամադրել  336. 999. 97 հազար դրամ: Առաջարկությունն ընդունվել է կառավարության կողմից, եւ ՀՀ 2012 թվականի պետական բյուջեի վերջնական տարբերակում նշված օբյեկտի վերանորոգման համար նախատեսվել է 337.0 մլն դրամ»: Սա եղել է 2011 թվականի նոյեմբեր ամսին, ինչը նշանակում է, որ նշված գումարի տրամադրումը կարող էր սկսվել միայն 2012-ի հունվարից:  

Երկրորդ կասկածելի հանգամանքը կապված է Շիրակի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության 2011 թվականի հաշվետվության հետ, որտեղ ամրագրված է, որ «ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվիրատվությամբ 2011թ. ծրագրով նախատեսված գումարների շրջանակներում ընթացքի մեջ են Գյումրի քաղաքի «Մուշ-2» թաղամասում և Ախուրիկի նոր դպրոցի կառուցման, Գուսանագյուղ,  Մեծ Մանթաշ, Հառիճ,  Ձիթհանքով գյուղերի դպրոցական շենքերի հիմնանորոգման, ք. Գյումրի ՀՀ ԳԱԱ Ա.Նազարյանի անվան ԵԻՍԻ անավարտ շենքի կառուցման աշխատանքները»: Այսինքն, ըստ այս փաստաթղթի՝ 2011-ին, երբ 2011-ի նոյեմբերին ԱԺ պատգամավորներն առաջարկում էին կառավարությանը 337 մլն դրամ հատկացնել դպրոցի շինարարության համար, եւ կառավարությունն ընդունել էր այդ առաջարկը, նույն Մեծ Մանթաշ գյուղի դպրոցի հիմնանորոգման աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են եղել: Ստացվում է, որ բացի 337 մլն-ից՝ մինչ այդ նաեւ այլ գումար է եղել հատկացված այդ շինարարության համար: Այդ դեպքում ինչո՞ւ է Տիգրան Սարգսյանը խոսում 270 մլն դրամի մասին միայն: Դրանք նախո՞րդ հատկացումներն են, որոնք, ստացվում է` արդեն մեկ տարվա պատմություն ունեն, թե՞ նախորդ հատկացումների մասին Սարգսյանը լռում է: Այդ դեպքում ի՞նչ եղավ իր կողմից հաստատված 337 մլն դրամը: Եթե 270-ից (իրականում 337 միլիոն+ x գումարից) միայն 200 մլն-ը մսխվել է, ապա ինչո՞ւ ֆինանասավորումը կեսից չեն դադարեցրել ու, ասենք, ամռանը քրեական գործեր չեն հարուցել բոլոր պատասխանատուների նկատմամբ: Ինչո՞ւ հենց 270 մլն տրամադրելուց հետո են հասկացել, որ գումարները մսխվել են, ինչո՞ւ են հենց հիմա հասկացել: Մի խոսքով, հարցերը շատ-շատ են, որոնց պատասխանները Տիգրան Սարգսյանը չի տալիս: Նա միայն ընդհանրական բաներ է ասում՝ մոռանալով նշել, որ եթե իր ասելով՝ 200 մլն դրամը (իսկ իրականում՝ գուցե ավելի շատ) իրոք մսխվել է ավելի քան 8 ամիսների ընթացքում, ուրեմն դա առաջին հերթին իր պատասխանատվության հարցն է, հետո՝ Քաղշիննախարարության, հետո՝ Շիրակի մարզպետարանի, եւ վերջում` գյուղապետարանի ու այսպես կոչված՝ շինարարությունն իրականացրած ընկերության, որոնք շղթայով կապված են եղել այս հիմնանորոգման հետ: Բայց այս կարեւոր հարցերի մասին Սարգսյանը չի խոսում, փոխարենը ընդհանրական բաներ է ասում, թե մի էսքան փոխանցել ենք, երեկ պարզել ենք, որ մի էսքան չկա: Ու վերջ: Մինչդեռ սա, պարոն Սարգսյան, հաշվետվություն չէ, ձեր ասածը սովորական, պրիմիտիվ նախընտրական դեմագոգիա է, որից արդեն վաղուց հոգնել ենք:  

Քրիստինե Խանումյան 

\"\"

\"\"

\"\"

Նախորդ հոդվածը‘Դեսպան Հեֆերնը ներկայացնում է ԱՄՆ դիրքորոշումը Օսկանյանի գործի վերաբերյալ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ստյոպա Սաֆարյանը առաջադրվեց ‘