‘Թիվ 2 ԸԸՀ-ը այսօր կքննի 2/30-ում քվեարկության արդյունքները չեղյալ հայտարարելու դիմումը’

4361

Մայիսի 8-ին 2-րդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում քննարկվում էր 2/30 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Պետրոսյանի  դիմումը նույն տեղամասում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով:

Տիկին Պետրոսյանի խոսքով՝ ընտրությունների օրը ընտրատեղամասում և տեղամասից դուրս կուտակումները, ՀՀԿ-ի ներկայացուցիչների կողմից  ընտրողների ուղղորդումը, մի շարք միջադեպերը, լարված մթնոլորտն ու «թաղի տղաների» կողմից ընտրությունների գործընթացի խոչընդոտումն էական ազդեցություն են թողել ընտրությունների արդյունքի վրա: Քննարկմանը ներկա էր նաև այդ տեղամասում հանձնաժողովի ՀՀԿ-ական քարտուղարը:

Քննարկման արդյունքում արձանագրվեցին մի քանի թերացումներ նաև հանձնաժողովի նախագահի կողմից, սակայն շեշտվեց, որ լարված մթնոլորտը նույնիսկ չի կարողացել հանդարտեցնել ընտրատեղամաս երկու անգամ ժամանած ԸԸՀ-ական անդամը:

iLur.am-ի հետ զրույցում քննարկամը ներկա գտնվող Կոնգրեսի ցուցակով առաջադրված թեկնածու Վլադիմիր Կարապետյանը նշեց, որ առաջին հերթին մեղադրանքները պետք է հասցեագրել ընտրատարածքային հանձնաժողովին, որի անդամները երկու անգամ այցել են տեղամաս՝ տեսնելով անհամաչափ լարվածությունը, չեն կարողացել տիրապետել իրավիճակին:

«Դա էր պատճառը, որ այնտեղ եղել են բազմաթիվ խախտումներ և իրավիճակը մինչև հաշվարկի ավարտ գրեթե անվերահսկելի է եղել»,- նկատեց Վլադիմիր Կարապետյանը, ով ընտրության օրը ներկա էր գտնվել հաշվարկին:

Այսօր՝ մայիսի 9-ին, ԸԸՀ-ն կհայտարարի իր 2/30 ընտրատեղամասում ընտրությունների արդյունքներ անվավեր ճանաչելու մասին իր որոշումը:

Նախորդ հոդվածը‘Նորվեգիայի գերմրցաշար. Արոնյանը մեկնարկեց ոչ-ոքիով’
Հաջորդ հոդվածը‘Բաքվում այրել են Հայաստանի դրոշը’