‘Թիվ 38-ում մնացին պատգամավորության երեք թեկնածուներ ‘

832

Երեկ  լրացել է ընտրագրավը մուծելու համար գործազուրկ թոշակառու Պավլիկ Սարգսյանին հատկացված լրացուցիչ 48 ժամը, և նա չի կարողացել մուծել մեկ միլիոն դրամ ընտրագրավը՝ թիվ 38 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի լրացուցիչ ընտրություններին մասնակցելու համար:  

«Սկզբունքի խնդիր է: Ի վիճակի չեմ մուծելու, եթե ունենայի նույնիսկ՝ չէի մուծի: Վարչական դատարան եմ դիմել, և նախագահին ու վարչապետին՝ պաշտոնական նամակ», — «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանել է Սարգսյանը:

Պավլիկ Սարգսյանն ընտրագրավը չէր մուծել նաև ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ և դուրս էր մնացել ընտրապայքարից:

Օրերս ինքնաբացարկի դիմում է ներկայացրել փաստաթղթերն ընտրատարածքային հանձնաժողով ներկայացրած մյուս թեկնածուն՝ 41-ամյա գործազուրկ Տիգրան Սարգսյանը: Վերջինիս լիազոր ներկայացուցիչն «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ բացարկ հայտնելու պատճառը քարոզարշավի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայությունն է:

Այսպիսով, Սյունիքի 4 քաղաքները՝ Կապանը, Քաջարանը, Մեղրին, Ագարակը և ավելի քան 40 գյուղ ընդգրկող ընտրատարածքում  պատգամավորական մանդատի համար ընտրապայքարի է պատրաստվում երեք թեկնածու՝ իշխող Հանրապետական կուսակցությունից Կապանի նախկին քաղաքապետ Արմեն Կարապետյանը,  ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունից՝ Կապանի տարածքի պատասխանատու, ազատամարտիկ Սամվել Հայրապետյան եւ ինքնաառաջադրված «Կապանի հաշվապահական հաշվառման գրասենյակ» ընկերության տնօրեն Վահրամ Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ թիվ 38 ընտրատարածքից պատգամավորական մանդատը ազատ է մնացել այն բանից հետո, երբ նախկին պատգամավոր Վահե Հակոբյանը նշանակվել է Սյունիքի մարզպետի պաշտոնում: 

 

Նախորդ հոդվածը‘iLur անոնս. Հարցազրույց Արեգ Գեւորգյանի հետ’
Հաջորդ հոդվածը‘Միջադեպ զորամասում. Մեկ հոգի զոհվել է, մեկը՝ վիրավորվել’