‘Թիվ 8 ԸԸՀ նախագահը մերժեց քվեարկությունն անվավեր ճանաչելու՝ ՀԱԿ-ի թեկնածուի հայցը’

6022

Թիվ 8 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն այսօր երեկոյան քննեց Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակով Երեւանի ավագանու անդամության թեկնածու Արման Աբրահամյանի դիմումը: Աբրահամյանը պահանջել էր անվավեր ճանաչել թիվ 8/08 եւ 8/09 տեղամասերում քվեարկության արդյունքները:

Թեկնածուն iLur.am-ի հետ զրույցում նշեց, որ դիմումի հիմքն այն է, որ քվեարկության օրը՝ մայիսի 5-ին երկու տեղամասերում էլ որպես ՀՀԿ վստահված անձ ներկա է եղել ՀՀԿ թեկնածու Մեսրոպ Մանուկյանը, ինչն օրենսդրությամբ արգելված է: (Այս տեսանյութում  երեւում է Մանուկյանի լկտի պահվածքը: Իսկ այստեղ երեւում է, թե ինչպես են դիտորդների պահանջով արձանագրություն կազմվում՝ տեղամասում Մեսրոպ Մանուկյանի ապօրինի ներկայության մասին): Ավելին, ըստ Արման Աբրահամյանի, Մանուկյանը ժամը 20:00-ից հետո էլ տեղամասերում է եղել իր իսկական՝ ավագանու թեկնածուի կարգավիճակով: Ուշագրավ է, որ թիվ 8/08 եւ 8/09 հանձնաժողովների անդամները, հատկապես՝ հանձնաժողովների նախագահներն ու քարտուղարները, տեղյակ լինելով, որ Մեսրոպ Մանուկյանը ավագանու թեկնածու է, հիմք են ընդունել նրա ներկայացրած՝ վստահված անձի վկայականը եւ գրանցել են նրան այդ կարգավիճակում:

Մեսրոպ Մանուկյանը

Օգտվելով ԸՕ 46 հոդվածի 3-րդ մասի առաջին կետով սահմանված իր իրավունքից (Ընտրական տեղամասում քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելու դիմում կարող է ներկայացնել թեկնածուն, համամասնական կարգով ընտրություններին մասնակվցող կուսակցությունը/դաշինքը)՝ Արման Աբրահամյանը դիմում է ներկայացրել թիվ 8 ԸԸՀ նախագահին՝ 8/08, 8/09 տեղամասում քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելու հայցով:

Ընտարատածքային հանձնաժողովի քարտուղար Լուսինե Հովհաննիսյանը, նիստի մեկնարկին, մինչեւ հարցի քննարկումը ներկայացրեց նախօրոք պատրաստված որոշման նախագիծը՝ հայտարարելով, որ «սա մեր որոշումն է, որը կարող եք բողոքարկել»: Հանձնաժողովի նախագահը, որոշումը (իրականում՝ որոշման նախագիծը) ընթերցելուց հետո, առանց քննարկման, առանց դիմումատուի պարզաբանումները լսելու, քվեարկության դրեց նախագիծը:

Նշենք, որ դիմումատու Արման Աբրահամյանը դիմումին կից դրանում նշված փաստերն ապացուցող տեսանյութեր էր ներկայացրեոլ, որոնց ընդհանրապես անդրադարձ չկատարվեց. Հանձնաժողովի նախագահը վերցրեց դրանք՝ «իր հետաքրքրության համար դիտելու համար»:

Օլեգ Գրիգորյանը, նույնիսկ ուշադիր չլինելով քվեարկության ընթացքին՝ արձանագրեց, որ «որոշումն ընդունվեց միաձայն»:

Իսկ որոշման բովանդկությունը առավել քան «հանճարեղ էր»՝ թեկնածուի ներկայացրած բողոքը մերժվեց ընտրական օրենսգրքի հենց նույն՝ 46-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա, որով թեկնածուին իրավունք է վերապահված  ԸԸՀ-ին դիմում ներկայացնել:  Օլեգ Գրիգորյանը, կամայականորեն մեկնաբանելով օրենսգրքի նշված մասը, հայտարարեց, որ թեկնածուն անձամբ դիմում չի կարող ներկայացնել՝ դա պետք է անի կուսակցությունը: Երբ թեկնածուն եւ նրա շահերի պաշտպան Մարիաննա Եղիազարյանը հարցրեցին, թե ինչի՞ վրա հիմնվելով է նման կերպ մեկնաբանում օրենքը, Գրիգորյանը պատասխանեց՝ «իրավաբանների հետ եմ խորհրդակցել, եթե համաձայն չեք, կարող եք բողոքարկել բոլոր ատյաններում»:

«Մեր դիմումի բուն՝ փաստական մասը անթերի է, հանձնաժողովի նախագահն էլ հրաշալի գիտի դրա մասին: Եվ հենց այդ է պատճառը, որ նա, շատ լավ իմանալով, որ մեր դիմումի բավարարման դեպքում իրավական պատասխանատվության հարց է բարձրանալու ոչ միայն Մեսրոպ Մանուկյանի, այլեւ  տեղամասային հանձնաժողովների որոշ անդամների նկատմամբ, անգամ չանդրադարձավ դիմումի փաստական կողմին՝ անմիջապես մերժելով դրա քննությունը անհեթեթ հիմնավորմամբ» , — iLur.am-ին ասաց Արման Աբրահամյանը: Նա նշեց նաեւ, որ  անպայման բողոքարկելու է ԸԸՀ որոշումը Վարչական դատարանում:

Նշենք, որ թիվ 8 Օլեգ Գրիգորյանը «Սեբաստիա-2» համատիրության նախագահն է, 1998 –ից զբաղեցնում է ԸԸՀ նախագահի պաշտոնը, եւ միաժամանակ հանդիսանում է այն շինության սեփականատերը, որտեղ միաժամանակ տեղակայված են հանձնաժողովը եւ համատիրությունը:

  

Նախորդ հոդվածը‘Մուկուչ բլյուզ. Oh, Lord չմտնեի ես facebook, իմ արեւ, is not really good’
Հաջորդ հոդվածը‘Գարեգին Բ. Ովքեր խաղաղություն են ուզում, ուրախ պետք է լինեն’