‘Թիվ 8/22-ում գրանցամատյանն անհետացել է. ԸԸՀ-ն քննում է արդյունքները անվավեր ճանաչելու հարցը’

5671

Թիվ 8 ընտրատարածքային հանձնաժողովն այսօր քննում էր 8/22 տեղամասում քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելու՝ «Բարեւ Երեւան» դաշինքի վստահված անձի դիմումը։

Դաշինքի ցուցակով առաջադրված Հակոբ Մկրտչյանը iLur.am-ին տեղեկացրեց, որ դիմումի հիմնական հիմքը տեղամասի գործավարական մատյանի անհետացումն է։

Ընտրատարածքային հանձնաժողովը անհետացած գրանցամատյանի հարցը քննարկելու համար նիստին հրավիրել էր տեղամասային հանձնաժողովի անդամներին եւ վստահված անձանց։ Նրանք բոլորը միաբերան պնդում էին, որ տեղյակ չեն, թե ինչպես է անհետացել մատյանը։ Միեւնույն ժամանակ, հանձնաժողովականները եւ վստահված անձինք նշում էին, որ գրանցամատյանում առանձնապես խախտումներ գրանցված չեն եղել։ «Մատյանում եղել էր ընդամենը մեկ գրառում «Բարեւ Երեւան» դաշինքի վստահված անձի կողմից, ու մնացած վստահված անձանց, դիտորդների գալու եւ գնաժու ժամերը», — նշեց Հակոբ Մկրտչյանը։

Թիվ 8 ԸԸՀ նախագահ Օլեգ Գրիգորյանը նշեց, որ օրենսդրությունը գրանցամատյանի անհետացման դեպք չի նախատեսել, եւ հետեւաբար, պարզ չէ, թե որքանով կորուստի փաստը կարելի է որպես քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելու հիմք ընդունել։ Հանձնաժողովը որոշեց,որ անդամներից յուրաքանչյուրը ներկայացնի սեփական առաջարկները, որոնց հիման վրա վաղը որոշում կընդունվի։

«Բարեւ Երեւանի» թեկնածուն նշեց, որ եթե անգամ հանձնաժողովը մերժի անվավեր ճանաչելու մասին դիմումը, դաշինքը նաեւ վերահաշվարկի դիմում է ներկայացրել նույն՝ 8/22 տեղամասում։ Ըստ Հակոբ Մկրտչյանի, վերահաշվարկի դեպքում էլ հնարավորություն կա հասնել արդյունքները անվավեր ճանաչելու մասին որոշման, քանի որ տեղամասում «Բարեւ Երեւանի» վստահված անձը ձայների հաշվարկի ընթացքում բազմաթիվ խախտումներ է հայտնաբերել։ «ՄԱսնավորապես, մեր վստահված անձն արձանագրել է, որ քվեաթերթիկները շուրջ 100-ով ավել են քվեարկությանը մասնակցած անձանց թվից», — ասաց Հակոբ Մկրտչյանը։

Նախորդ հոդվածը‘Ռոստովում երկաթուղային վթարի հետեւանքով տուժածների թիվը հասել է 29-ի’
Հաջորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Ներող եղեք, զոհված հերոսներ, ապրող հերոսներ’