‘Թող այդ փոխնախարարը հայտնվի մեղադրյալի դերում. Օսկանյանի փաստաբան’

979

«Ես այդ փոխնախարարին ցանկանում եմ հայտնվել մեղադրյալի դերում»: iLur.am-ի հետ զրույցում այս կերպ մեկնաբանեց նախկին արտգործնախարար, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը արդարադատության փոխնախարար, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության փոխներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանի՝ երեկ «Արմնյուզին» տված հարցազրույցը:

Նշենք, որ Մելիքյանը, մասնավորապես, ասել էր, թե որպես մեղադրյալ գործում ներգրավելն ունի շահավետ կետեր ու անձին հավելյալ իրավունքներ է տալիս: «Մեղադրյալը, ի տարբերություն վկայի, կարող է նյութեր ներկայացնել քննությանը: Կարող է նաև այլ հնարավորություններից օգտվել. եթե, օրինակ, փորձագիտական քննության անհրաժեշտություն լինի, մեղադրյալը կարող է իր կողմից առաջարկել հարցեր փորձագետին»,- ասել է նա:

Փաստաբանների պալատի խորհրդի անդամ Գևորգ Գյոզալյանը iLur.am-ի հետ զրույցում հաստատեց, որ մեղադրյալին քրեական դատավարության օրենսգրքով ավելի շատ իրավունքներ է վերապահված, քան վկային:

«Որպես մեղադրյալ՝ նա կարող է ընդհանրապես հրաժարվել որևէ ցուցմունք տալուց և իր բոլոր փաստարկները կարող է ներկայացնել դատաքննության ընթացքում: Որպես վկա՝ չի կարող ցուցմունք տալուց հրաժարվել, իր դեմ կարող է ցուցմունք չտալ, բայց մնացած դեպքերում պարտավոր է: Իսկ մեղադրյալի կարգավիճակով որոշակի արտոնություններ, անշուշտ, լինում են»,- ասաց նա:

Մեր հարցին, թե կարո՞ղ ենք եզրակացնել, որ որպես մեղադրյալ գործին ներգրավելն անձի համար ավելի ձեռնտու է, քան որպես վկա, փաստաբանը պատասխանեց՝ միանշանակ ոչ:

«Հասկանում եմ, որ քրեական դատավարության առումով ինքն ավելի շատ իրավուքներ ունի, բայց զուտ մարդու կենսագրության և անցած ճանապարհի տեսանկյունից սխալ է: Առավել ևս, որ Օսկանյանը հանրային գործող անձ է եղել, 10 տարի արտաքին գործերի նախարար է եղել, քաղաքական գաղտնի տեղեկությունների է տիրապետել: Նման անձանց մեղադրյալ ներգրավելու գործում պետք է շատ ավելի զգույշ լինել»,- ասաց Գյոզալյանը:

Նախորդ հոդվածը‘ Ռոբերտ Քոչարյան. Օսկանյանի գործը խորհրդարանի ինքնավարկաբեկման ցցուն դեպք է’
Հաջորդ հոդվածը‘Հերթական ահաբեկչությունը Հալեպում. Առնվազն 30 զոհ’