‘«Թող թուրքը զարկեր, կասեի՝ տղես հերոսի մահով մեռավ, բա ես հիմի ո՞նց մխիթարվեմ». Վերին գետաշենցիները հրաժեշտ տվեցին զոհված զինվորին (տեսանյութ)’

4615

Մարտունու Վերին Գետաշեն գյուղը սգի մեջ էր. Երկու օր առաջ զորամասում ծառայակցի գնդակից զոհված 19-ամյա Լյուքս Ստեփանյանին էին թաղում:

Վերինգետաշենցի Վաղինակը դեռ կեսօրին մոտ ելել էր գյուղամեջ, համագյուղացի Իշխան Ստեփանյանի որդու հուղարկավորությանը մասնակցելու, ու իմացավ, որ սգավոր հայրը որդու դիակն առել, գնացել է Երեւան՝ իշխանավորների դեմ բողոքի:

«Ի՞նչ անի խեղճը, բոլորիս գլխով է, բա ուրիշ էլ ինչո՞վ մխիթարվի», — համագյուղացու հուսահատ քայլը iLur.am-ի հետ զրույցում մեկնաբանեց պարոն Վաղինակը: Նա պատմում է, որ Լյուքսը աշխատավոր ընտանիքից էր, հայրը, ինչպես գյուղի տղամարդկանց մեծ մասը, անկախությունից ի վեր արտերկրում էր աշխատում՝ Տաշքենդում: Ինքն էլ խելացի, աչքաբաց տղա էր, Երեւանի «Քվանտ» վարժարանում էր սովորում, ծառայությունից հետո միտք ուներ Գյուղինստիտուտ ընդունվելու: 

Կեսօրից հետո զոհված զինվորի դին գյուղ վերադարձրին՝ արդեն Երեւանից եկած մեծ մեքենաների ուղեկցությամբ: Սեւանի մոտ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը,  ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ու զինդատախազ Գեւորգ Կոստանյանը համոզել են տղայի հարազատներին՝ Երեւան չգնալ՝ «չանարգել դիակը (Վ. Գասպարյանի խոսքերն են-խմբ.)», իրենց հետ միասին վերադառնալ գյուղ ու հողին հանձնել զոհված զինվորին: Խոստացել են, որ արդար քննություն կլինի, ու սպանության մեղավորներն արժանի պատիժ կկրեն: 

Զոհվածի հոգեհանգիստը գյուղի՝ պատերազմի զոհերի հուշարձանի մոտ արեցին: Մայրը ողբում էր.

«Զարկե՞լ էր՝ թող ոտքին զարկեր, ինվալիդ սարքեր, բա ես հիմի ո՞նց մխիթարվեմ: Զարկե՞լ էր, թող թուրքը զարկեր, կասեի տղես հերոսի մահով մեռավ, բա ես հիմի ո՞նց մխիթարվեմ»:

Գյուղացիները՝ հիմնականում տարեց մարդիկ ու կանայք, վրդովված էին: Նրանց խոսքով, խաղաղ պայմաններում գյուղից այս էլ վեցերորդ զինվորն է մահանում:

«Ինչի՞ համար են էս զինվորին տանում թաղելու: Հանուն ինչի՞, ախր պատերազմ չի… բա էդ զորամասում հրամանատար չկա՞: Հարց եմ տալիս, Սերժ Սարգսյան, ինչի՞ համար սպանեցին: Ինչի՞ դու սաղ մնաս, էսա երեխեն գնա հողի տակը», — գոռում էր մի գյուղացի:

Բարձրաստիճան զինվորականներին ու նրանց մեքենաների շարասյունը տեսնելով՝ կանայք բորբոքվեցին.

«Ինչի՞ համար ա էս պետությունը, մենակ փող հավաքելո՞ւ… 18 տարի երեխուն պահել էր արդար քրտինքով, որ էսօր տաներ հողի մե՞ջ դներ: «Ինչի՞ մի օր չլսեցինք, որ պաշտոնավորի երեխեն սահմանին ծառայի, սենց մե բան էղնի: Մենակ հող փորողի, անասուն պահողի երեխեն կզոհվի», «Թուրքի գյուլլա՞ էր, հորի՞ պտի հայու գյուլլից հայը մեռնի», «Ախպերս Ղարաբաղ կռիվ է էրէ, հաղթեր է, մկա Ռուսաստանա քուչեքը կֆռֆռա, էսա մեծավորներ էլ զվանին դրել են թեւերուն, կապրին, մեր էրեխեքին էլ կտանեն, սպանեն»:

Անգամ գյուղի զինկոմ Գագիկ Հարությունյանն իր վրդովմունքը չէր թաքցնում:

«Ամեն զորակոչի գալիս եմ գյուղից տղաներին հավաքում տանում եմ… 18 տարին լրանում է, ուղարկում ենք մեր հայոց սահմանները պաշտպանելու, բայց արդյունքը չենք ստանում, արդյունքը, խնդրեմ, մեր առաջն է, որ չգիտենք՝ ինչ անենք», — մեզ հետ զրույցում ասաց Հարությունյանը:

«Երեք տղա երեխա էլ ես ունեմ:  Մեծն աշունը բանակի է: Նոր զինկոմին ասել եմ՝ հետեւից չգաս… Աստված չանի, պատերազմ սկսի, երեքին էլ ուղարկեմ, բայց սենց… թող գան ինձ տանեն դատեն, երեխեքին դատեն… ավելի լավ ա բանտ նստեն, քան թե էսպես լինի», — ասաց գյուղացիներից մեկը:

Մի ուրիշ գյուղացի էլ զորակոչի տարիքի երեք տղա ունի. «Իմ էրեխեքն արդեն բանակի են՝ երկուսը ջեւիկ (զույգեր) են, մեկը թաք ա: Ես մի ճանապարհ պիտի ստեղծիմ, օր էրեխեքին բանակից պոկեմ», — ասաց նա: «Ճանապարհն ո՞րն ա, տանես պաշտոնավորին 10 հազար դոլար տաս հարստացնե՞ս, — առարկեց  նրա համագյուղացին, — ինչի՞ պետք է էս վիճակի մեջ լինենք, որ հազիվ աշխատած մի երկու կոպեկ փողը տանենք կառավարության գրպանը լցնենք, ինչ ա, թե չտանեն մեր երեխուն սպանեն»:

 

Լյուքս Ստեփանյանին հուղարկավորեցին զինվորական պատիվներով՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ներկայությամբ: Նա խոնարհվեց ու համբուրեց զոհված զինվորին: Շիրիմի մոտ փողային նվագախումբը Հայաստանի օրհներգը նվագեց, զինվորական ջոկատը երեք համազարկ տվեց: «Թող էսա պատրոններ թուրքի համար պախեն, հորի՞(ինչու՞) կփչացնեն», — համազարկի միջից դժգոհեց գյուղացիներից մեկը:

 Մայիսի 16-ին, ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց է արձակել, ինչի արդյունքում պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Իշխանի Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վիրավորում:

Վերջինս ընդունվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օրի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (սպանությունը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) հարուցվել է քրեական գործ, և կատարվում է նախաքննությունԴ.Խաչատրյանը ձերբակալվել է:

 

Նախորդ հոդվածը‘Քրգործ. ՏԸՀ ՕԵԿ-ական անդամը մեղադրվում է ընտրախախտման համար ‘
Հաջորդ հոդվածը‘Գաղջ մթնոլորտը, չար լրատվամիջոցներն ու դավադիր հասարակությունը’