‘Թոմաս Տուխելը հայ մարզիչների համար վերլուծել է «Բորուսիա» — «Տոտենհեմ» խաղը’

1344

ՀՖՖ մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացի մասնակից մարզիչները Դորտմունդում ներկա են եղել Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի «Բորուսիա» — «Տոտենհեմ» հանդիպմանը: Մարտի 11-ի առավոտյան մարզիչները հնարավորություն են ունեցել ուղեւորության ընթացքում երկրորդ անգամ հանդիպել Տոմաս Տուխելի հետ: «Բորուսիայի» գլխավոր մարզիչը պատվիրակության անդամներին ներկայացրել է իր տակտիկական պլանը «Տոտենհեմի» հետ հանդիպման համար, մանրամասն վերլուծել է խաղային դրվագները, պատասխանել մի շարք հարցերի, բացահայտել իր թիմի` պաշտպանությունից հարձակման եւ հարձակումից պաշտպանության անցնելու առանձնահատկությունները, հաղորդում է ՀՖՖ մամուլիծառայությունը:

Տուխելը հայկական պատվիրակությանը բացառության կարգով հրավիրել է մարտի 12-ին կայանալիք նախախաղային մարզմանը, որի ընթացքում «Բորուսիան» պատրաստվելու է Գերմանիայի Բունդեսլիգայի «Բորուսիա» — «Մայնց» հանդիպմանը, որը մարտի 13-ին դիտելուց հետո պատվիրակությունը մարտի 14-ի կվերադառնա Երեւան:

Հայ մարզիչները Դորտմունդում դիտել են նաեւ «Բորուսիայի» մինչեւ 19 տարեկանների թիմի մարզումը, հանդիպել թիմի գլխավոր մարզիչի հետ, այնուհետեւ հանդիպել են «Բորուսիայի» ակադեմիայի երիտասարդների հետ տարվող աշխատանքների պատասխանատու, նախկին հանրահայտ ֆուտբոլիստ Լարս Ռիկենի հետ, որը ներկայացրել է ակադեմիայի աշխատաոճը, ֆուտբոլիստերի ընտրության առանձնահատկությունները:

Հայ մասնագետները ծանոթացել են footbonaut ծրագրին, որը լայնորեն կիրառվում է «Բորուսիայի» կողմից: Այդ ծրագրով մարզվում է նաեւ Հենրիխ Մխիթարյանը: Տարբեր կողմերից ֆուտբոլիստը մեծ արագության տակ ստանում է գնդակներ, որոնք պետք է մշակի եւ ուղարկի ճիշտ ուղղությամբ: Սա հնարավորություն է տալիս բարձրացնել ֆուտբոլիստների տեխնիկական որակները, ավելացնել կենտրոնացվածությունն ու որոշումներ կայացնելու արագությունը:

Նախորդ հոդվածը‘Հավակնորդների մրցաշար. Լևոն Արոնյանը մեկնարկային տուրում ոչ-ոքի խաղաց’
Հաջորդ հոդվածը‘Լեւանդովսկին ու Մորատան Ռոնալդուի պատճառով չեն ցանկանում տեղափոխվել «Ռեալ»’