‘Թոմ Հենքս. Կյանքի օրենքները’

2197

2012-ին էկրաններ բարձրացավ Թոմ Հենքսի մասնակցությամբ «Ամպային ատլաս» ֆիլմը, իսկ այս տարի տեղի ունեցավ «Կապիտան Ֆիլիպս» ֆիլմի պրեմիերան, որից հետո բազմաթիվ կինոքննադատներ սկսեցին խոսել այն մասին, որ 57-ամյա դերասանը ապրում է իր երկրորդ կամ միգուցե արդեն երրորդ ծաղկունքը: Այդպես է դա, թե ոչ՝ կարող եք կարծիք կազմել ինքներդ. «Կապիտան Ֆիլիպսն» արդեն համացանցում է: Իսկ մինչ այդ ծանոթացեք Հոլիվուդի լավագույն դերսաններից մեկի կյանքի օրենքներին, որոնց մասին նա պատմել է Esquire շաբաթաթերթի ընթերցողներին:

«Դրվագները միշտ հետաքրքիր են: Նայում ես նկարներին և փորձում ես վերհիշել, թե ինչ ես արել այդ օրվա մնացած ժամերին: Ինձ հետ նույնը կատարվում է նույնիսկ այն ֆիլմերը վերհիշելիս, որոնց մասին արդեն միլիոն տարի է, ինչ մոռացել էի»:

«Եթե մինչ նկարահանման սկիզբը դուք ուշադրություն դարձնեք շտատիվների, դերասանների, տեսանկարահանման հրապարակի և այլ արհեստականությունների վրա, չեք կարողանա մտնել կերպարի մեջ: Պատահում է՝ ինձ հարցնում են. «Արդյոք ես ձեզ չեմ խանգարում՝ այստեղ կանգնելով»: Ես պատասխանում եմ. «Ես ձեզ նույնիսկ չեմ էլ նկատում»:

«Ես գրոշ անգամ չեմ ստանում «Բուբբի Գամպ» ռեստորանից, բայց երբ այն առաջին անգամ տեսա, տպավորվել էի: Այլ բան բարդ է ավելացնել «Ֆորեսթ Գամպի» մասին»:

«Երբ արժանացա «Օսկարի», շնորհակալություն հայտնեցի Հուչ («Թյորներն ու Հուչը») անունով շանը: Այդ դերն իրականում 3 շուն էին խաղում, բայց ես ամենաշատը սիրում էի նրանցից ամենամեծին»:

«Դուք կարող եք զբաղվել մեդիտացիայով, գնալ եկեղեցի և աղոթել: Բայց կարող եք գնալ նաև հոգեվերլուծաբանի մոտ և ինքներդ բացահայտեք»:

««Լքվածը» ֆիլմի նկարահանումներից հետո ես նորովի սկսեցի վերաբերվել «միայնություն» կոչվածին և հասկացա, որ իրականում սիրած կին և 4 երեխաներ ունենալը մեծ երջանկություն է»:

«Եթե քո կյանքում սահմանափակումներ չկան, ուրեմն ուրախության համար էլ դժվար կլինի տեղ գտնել: Եթե դու կարող ես ուտել այն ամենը, ինչ կցանկանաս, ապա ինչպե՞ս կարող ես դրանից հաճույք ստանալ կամ ուրախանալ»:

«Նոր դերի համար ես նիհարեցի 30 կգ: Դա արեցի նրանից հետո, երբ գիրացել էի մինչև 107 կգ՝ մեկ այլ դերի համար: Հավատացեք ինձ, եթե դուք ցանկանում եք նիհարել, ապա հնդկաձավարից բլիթները՝ քիչ կալորիականությամբ մրգահյութերի հետ՝  այն է, ինչի կարիքը դուք ունեք»:

«Նկարահանումների ժամանակ հիշում եմ օրեր, երբ երջանիկ էի՝ որպես դերասան: Օրինակ, ես գնում եմ Դենզել Վաշինգտոնի մոտ, որպեսզի գործարք առաջարկեմ: Ես ողջունում եմ նրան, շնորհավորում նրա զավակի ծնունդը, իսկ նա հարցնում է. «Դուք վատ տեսք ունեք, ի՞նչ է ձեզ հետ կատարվում»: Ես պատասխանում եմ, որ ՁԻԱՀ-ով եմ վարակված, ձեռքս պարզում եմ, որ վերցնեմ նրա սիգարներից մեկը և ամբողջ մաշկով զգում, թե ինչքան վատ է նա իրեն զգում այդ պահին»:

«Աստծո մասին բանավեճերը միշտ վտանգավոր են: Ես հաճախել եմ կաթոլիկ եկեղեցի, իսկ բոլոր դպրոցական ընկերներս հրեաներ էին: Իսրայելում կարելի է այցելել տարբեր կրոնների պատմական սուրբ վայրեր: Հետաքրքիրն այն է, որ եթե այդ վայրերից մեկը իրական է և համապատասխանում է մարդկանց պատմածին, ապա հաջորդ վայրը որևէ կապ չունի իրականության հետ: Բայց միևնույն է, չեմ հասկանում՝ ինչու չի կարելի ասել, որ, օրինակ, «Այստեղ Հիսուսը կերակրում էր աղքատներին», իսկ ահա այստեղից Մուհամեդը բարձրացավ երկինք: Հիշում եմ, մի անգամ այնտեղ տաքսիստն ասաց. «Ահա այստեղ Դավիթը սպանել է Գողիաթին», ես միանգամից ասացի. «Կանգնիր, կանգնիր. հետ քշիր դեպի այնտեղ: Կրոնի մասին կարելի է դարերով վիճել, բայց գլխավոր հարցն այն է, թե արդյոք կարող ես որևէ չբացահայտված երևույթի հավատալ անվերապահորեն»:

«Ես Լլոյդ Բրիջեսի հիանալի լուսանկար ունեի՝ նկարած սովորական Minox-ով:  Նրա հետևից հարվածում էր կայծակը, իսկ նա ապշած կանգնած էր: Որքան փնտրեցի այդ լուսանկարը, այդպես էլ չգտա:  Այժմ, երբ ֆոտոսարքերը դարձել են թվային, լուսանկարներ պահպանելը ավելի հեշտ է դարձել»:

«Իմ դեպքում դերասանական կարիերան բաժանված է տարբեր փուլերի: Հիշում եմ այն ժամանակները, երբ դերերիս վերաբերվում էի որպես թատրոնի ներկայացումների»:

«Շատ բարդ է հզոր ֆիլմ ստանալ: Իրականում բարդ է լավ աշխատանք ստանալ մի բանից, որը ստեղծվում է երեք անգամ՝ սցենարիստի կողմից, նկարահանման հրապարակում և մոնտաժային սենյակում»:

«Առաջին անգամ երբ հանդիպեցի Մեգ Ռայանին, չգիտեի, թե ով է նա, մտածում էի, որ նա ընդամենը հերթական դեբիլիկն է, ում հետ կարելի է զրուցել սրճարաններում»:

«Կյանքում հաճախ հայտնվում ես այնպիսի իրավիճակներում, որոնց մասին հետագայում կարող ես ասել՝ «ես պարզապես կարիք ունեի կտրվելու և առանձնանալու տարբեր երևույթներից»:

«Իմ ծնողները շատ շուտ ամուսնալուծվեցին: Երբ ես ընդամենը 7 տարեկան էի, իսկ քույրս՝ 13: Մենք, կարելի է ասել, զբաղվում էինք ինքնակրթությամբ և ապրում էինք գրեթե միայնակ: Չէինք մտածում, թե որքան դժբախտն ենք, ուղղակի ապրում էինք, և վերջ»:

«Իմ առաջին անհաջող ամուսնությունից մնացին միայն երկու հրաշալի երեխաներ: Ամուսնական կյանքը շատ բարդ էր սկզբից մինչև վերջ, և հիմա ես հասկանում եմ ծնողներիս: Հայրս և մայրս ամուսնալուծվել էին ամենևին ոչ իրենց հարմարավետության պատճառով: Նրանք այդ քայլին էին գնացել, պարզապես որպեսզի չցնորվեին»:

«Հիմա մտածում եմ որ աշխարհում ամեն ինչ երկակի է. կամ ստացվում է, կամ ոչ: Տիեզերքը մեզ հետ խոսում է մաթեմատիկայի լեզվով»:

«Երբեմն պարզապես անհրաժեշտ է կենտրոնանալ և համախմբվել, և վերջ, օրինակ՝ աղջկան համբուրելուց առաջ, կամ երբ պետք է շանը քարշ տալ դեպի լոգարան»:

Նախորդ հոդվածը‘Թուրքիայում ուզում են կոծկել «Մեծ կաշառքը»’
Հաջորդ հոդվածը‘Նախկին աշխատակից. «Արմավիան» ապատեղեկատվություն է տարածում’