‘Թուխմանուկ հանքավայրի մշակում. մեղուների անկում և հողի պտղաբերության նվազում’

1092

Թուխմանուկ հանքավայրի մերձակայքում գտնվող Մելիք գյուղի բնակիչները պահանջում են նոր հանրային լսումներ անցկացնել երրորդ պոչամբարի նախագծի շուրջ:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալության հետ զրույցում հաղորդել է «Թռչնասերների կենտրոնի» ղեկավար Սիլվա Ադամյանը, գյուղացիները ստորագրահավաք են նախաձեռնել համապատասխան պահանջի ներքո, որն ուղարկվել է Բնապահպանության նախարարություն: Ադամյանի ասելով, ընդհանուր առմամբ, խնդրագրի ներքո ստորագրել է 70 մարդ: Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին և 12-ին «Մեգո գոլդ» ընկերությունը և ՀՀ բնապահպանության նախարարությունը Երևանում հանրային լսումներ էին անցկացրել Թուխմանուկի երրորդ պոչամբարի նախագծի շուրջ: Մելիք գյուղից դրանց ներկա է եղել միայն գյուղական համայնքի ղեկավարը:

Ադամյանը տեղեկացրել է, որ հանրային լսումներից հետո բնապահպանները Մելիքում հանդիպում են անցկացրել տեղի բնակիչների հետ: Ինչպես նշվել է, նրանք կտրականապես դեմ են ոչ միայն երրորդ պոչամբարի կառուցմանը, այլև «Մեգո գոլդի» բուն գործունեությանը: Նրա ասելով, ընկերությունն աշխատավաձի գծով պարտքեր է կուտակել Թուխմանուկում աշխատող գյուղացիների հանդեպ:

Սակայն դա ամենևին էլ միակ խնդիրը չէ: «Մեզ հետ զրույցում Մելիքի բնակիչները պատմեցին, որ գիշերը լեռնահանքային թափոնները պոմպով լցվել են գետը, որի ջրերն օգտագործվում են ոռոգման համար», — հաղորդել է բնապահպանը: Ադամյանը տեղեկացրել է, որ Թուխմանուկիր մշակման հետևանքով Մելիքում նվազել է հողերի պտղաբերությունը, մեղուներն անկում են, նվազում է բերքատվությունը:

Փորձագետը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ «Մեգո գոլդը» ցանկանում է երրորդ պոչամբարը կառուցել` երկրորդի ռեկուլտիվացման հստակ ծրագրի բացակայության պայմաններում:

Ավելի վաղ «Հայաստանի կանաչների միության» ղեկավար Հակոբ Սանասարյանը նշել էր, որ պոչամբարը կկառուցվի Քասախ գետի հունի մոտ, այնտեղ, որտեղ կան բնակավայրեր` իրենց այգիներով, արոտավայրերով, խմելու և ոռոգման ջրի աղբյուրներով: Բացի այդ, Թուխմանուկը գտնվում է Հանքավանի հիդրոլոգիական արգելավայարի անմիջական հարևանությամբ:

Մինչդեռ Թուխմանուկի հանքավայրում, հետևաբար, նաև լեռնահանքային արտադրության թափոններում, պարունակվում է մղնդեղ, սելեն, սնդիկ և ցինկ, վոլֆրամ: Այդ տարրերի մեծ խտացումները կարող են կործանարար լինել նաև մարդու առողջության համար: Միևնույն ժամանակ թուխմանուկի երկրորդ պոչամբարը չափազանց անմխիթար վիճակում է. Դրա հատակն ու պատերը մեկուսացված չեն կավե շերքով, իսկ չոր եղանակին թափոնների թունավոր փոշին տարածվում է շրձակա միջավայրում:

Նախորդ տարի բնապահպանները Գլխավոր դատախազությանը կոչ էին արել պարզել Թուխմանուկի հանքավայրի շահագործման լիցենզիային առնչվող իրավիճակը: 2005 թվականի ընդերքօգտագործման թույլտվության համաձայն, հանքավայրը պետք է մշակվեր 2 տարի բաց եղանակով, ինչից հետո լեռնահանքային ընկերությունը պարտավոր էր ներկայացնել նոր նախագիծ և անցնել Թուխմանուկի փակ մշակման: Չնայած այդ պահանջին` «Մեգո գոլդ» ընկերությունը (Global Gold Mining-ի դուստր), բնապահպանների կարծիքով, կասկածելի եղանակներով երկարաձգում էր բաց մշակման թույլտվությունը: 

Նախորդ հոդվածը‘iLur.am-ը տեխնիկական խնդիրների պատճառով չի թարմացվում ‘
Հաջորդ հոդվածը‘ՌՀՌԻ փորձագետ. «Արաբական գարունը» կարող է ընդգրկել նոր երկրներ’