‘Թունիսում սպանվել է ձախ ընդդիմության առաջնորդը ‘

857

Թունիսի ընդդիմադիր «Ժողովրդական ճակատի» ղեկավար Շուքրի Բալաիդն այսօր սպանվել է գլխին արձակված կրակոցով, հաղորդում է լիբանանյան արաբական արբանյակային «Ալ-Մայադին» հեռուստաալիքը: Նախնական տվյալներով՝ անհայտ անձինք գնդակահարել են ընդդիմադիր գործչին, երբ նա դուրս է եկել տանից: Բալաիդի մահվան մասին տեղեկացրել է նրա եղբայրը:

Ինչպես հաղորդել է հեռուստաալիքը, Բալաիդն իշխող «Ան-Նահդա» կուսակցության անողոք քննադատներից էր: «Ժողովրդական ճակատը», որ կազմված է  ձախակողմյան 12 կուսակցություններից, ստեղծվել է անցյալ տարի՝ հետագայում ընդդիմադիր դաշինք կազմելու նպատակով:

Հունվարի կեսերին Թունիսը նշեց երկրորդ տարեդարձն այն հեղափոխության, որի արդյունքում տապալվել էր ավելի քան 20 տարի իշխող նախագահ բեն Ալիի վարչակարգը: 2011 թ. հոկտեմբերին կայացած ընտրություններից հետո երկրում իշխանության եկան չափավոր իսլամիստները՝ «Ալ-Նահդա» կուսակցության գլխավորությամբ: Վերջին ամիսներին սրվել է դիմակայությունն իսլամիստների և աշխարհիկ ուժերի միջև: Երկրում նկատվում է հանցավորության աճ, տնտեսական անկում, գործազրկությունը հասել է երկրի համար ռեկորդային 17%-ի:

Նախորդ հոդվածը‘Կիրո Մանոյան. «Մեծ եղեռն» արտահայտությունը մենք էլ ենք գործածում, բայց ոչ «ցեղասպանություն» բառից խուսափելու համար’
Հաջորդ հոդվածը‘Բողոքի միջոցառում քվեախցում’