‘Թուրքական կուսակցությունը հանդես է եկել Աքրամ Այլիսլիի պաշտպանությամբ’

942

Թուրքիայում գործող Կանաչների եւ ապագայի կուսակցությունը Ստամբուլում համերաշխության հավաք է կազմակերպել ի պաշտպանություն ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի: Ինչպես հայտնի է, գրողը սեփական երկրում հալածանքների է ենթարկվում իր «Քարե երազները» գրքում 1989թ. Բաքվի ջարդերը նկարագրելու եւ հայերի հետ բարեկամության կոչեր անելու համար: Այլիսլին նախագահ Ալիեւի կարգադրությամբ զրկվել է ժողովրդական գրողի կոչումից, պետական ծառայության մեջ գտնվող նրա որդին եւ կինը հեռացվել են աշխատանքից: Բաքվում անգամ կոչեր են հնչում՝ կտրել Այլիսլիի ականջը եւ ստուգել նրա ԴՆԹ-ը, քանի որ նա «հնարավոր է, որ հայ է»:  

Ըստ HurriyetDailyNews-ի, Ստամբուլի հավաքին մասնակցել են մի շարք մտավորականեր, գրողներ, բանաստեղծներ եւ ուսանողներ, նրանց թվում՝ հայաստանցի գրող Լեւոն Ջավախյանը:

Թուրքիայում բնակվող ադրբեջանական մտավորականությունը նամակով դիմել է Մարդու իրավունքների Ստամբուլի գրասենյակ, ինչպես նաեւ՝ Անկարայում Թուրքիայի դեսպանություն՝ պաշտպանություն հայցելով Այլիսլիի համար:

Թուրքիայի գրողների միության նախագահ Մուստաֆա Քյոզը հայտարարել է, որ Այլիսլիի հետ կապված միջադեպը խղջի եւ բանականության դեմ է: «Գրողն իր երկրի խիղճն է: ՄԵնք պետք է պաշտպանենք այդ խիղճը, դրա համար մենք Այլիսլիի կողքին ենք», — ասել է Կյոզը:

Այլիսլիի պաշտպանությամբ հանդես են եկել նաեւ միջազգային ՓԵՆ ակումբի մի շարք անդամներ: 

Նախորդ հոդվածը‘Ռեյնան կարող է «Բարսելոնա» տեղափոխվել 15 միլիոն եվրոյի դիմաց’
Հաջորդ հոդվածը‘«Հանձնաժողովներում Կոնգրեսի տեղերը «ծախելու» մասին լուրը տվել է Բագրատյանի շտաբի պետի տիկինը»’