‘Թուրքիայի ԱԳՆ-ը հերքել է Հայաստանի հետ սահմանները բացելու վերաբերյալ մի շարք ԶԼՄ-ների տեղեկատվությունը’

883

Թուրքիայի արտգործնախարարությունը հերքել է մի շարք ԶԼՄ-նրի տեղեկատվությունը, թե Թուրքիան փորձում է Ադրբեջանի համաձայնությունը ստանալ հայ-թուրքական սահմանի բացման համար: Այդ մասին հաղորդում է Trend-ը`վկայակոչելով Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատունը:

Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Լևենթ Գյումրուքչուն նշել է, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, և հայ-թուրքական բանակցություններն անցկացվում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին զուգահեռ, և պաշտոնական Անկարան բազմիցս հայտարարել է այդ մասին: «Թուրքիան ուշադրությամբ հետևում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը և պատրաստ է ցանկացած քայլ ձեռնարկել ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման համար»,- նշել են դեսպանատանը:

Ավելի վաղ «Aksam» թերթը հաղորդել էր, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն երկրի խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի փակ նիստում, մեկնաբանելով Հայաստանի հետ սահմանի բացման առնչությամբ պատգամավոր Սինան Օհանի հարցը, մասնավորապես, հայտարարել է. «Մեր պահանջը Լեռնային Ղարաբաղի ազատագրումն է: Մենք առաջընթաց ենք ակնկալում այդ հարցում»: Նախարարի խոսքով, «միայն ադրբեջանական տարածքներն ազատելուց հետո կարող է խոսք գնալ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման մասին»:

Նախորդ հոդվածը‘2014-2017թթ. Համաշխարհային բանկը կարող է Հայաստանին տրամադրել 843 մլն դոլար’
Հաջորդ հոդվածը‘Հանրապետության հրապարակի վերակառուցման մրցույթն առանց հաղթողի մնաց’