‘Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ասադը չի մասնակցի ընտրություններին’

1051

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն հայտարարել է, թե Սիրիայի հարցով Վիեննայում կայացած հանդիպմանը փոխհամաձայնություն է ձեռք բերվել այն մասին, որ Բաշար Ասադը չի մասնակցի պետության ղեկավարի ընտրություններին:

Վիեննայում Սիրիայի հարցով երկրորդ միջազգային հանդիպումը կայացել է նոյեմբերի 14-ին և նվիրված է եղել հակամարտության քաղաքական լուծման փնտրտուքին: Բանակցություններին մասնակցել են ԱՄՆ-ի, Ռուսաստանի, ՄԱԿ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, Իրանի, ԵՄ-ի ներկայացուցիչներ և տարածաշրջանի այլ դերակատարներ՝ Արաբական երկրների լիգայի և Իսլամական համագործակցության կազմակերպության ներկայացուցիչներ:

Միջազգային հանդիպման մասնակիցները որոշել են, որ Սիրիայի կառավարության և ընդդիմության բանակցությունները պետք է տեղի ունենան եկող տարվա հունվարի 1-ից ոչ ուշ, իսկ 18 ամսվա ընթացքում երկրում պետք է ընտրություններ կայանան նոր սահմանադրությամբ: «Ասադը չի կարող մասնակցել այդ ընտրություններում: Նոր կառավարության ձևավորումից հետո բոլոր լիազորությունները կստանձնի այդ կառավարությունը: Այդպիսով՝ պարզություն է մտցվել Ասադի քաղաքական ապագայում: Այդ հարցը կդադարի քաղաքական լինել և կդառնա Ասադի անձնական հարցը»,- հայտարարել է թուրք նախարարը: Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ԱԳՆ. Մի՛ գնացեք Եգիպտոս’
Հաջորդ հոդվածը‘Զուրաբյան. Կառավարությունը որդեգրել է «սուխոյ ատկազի» մարտավարությունը’