‘Թուրքիայի ԱԳ նախարարությունը Վատիկանին հորդորում է Ցեղասպանության հարցում «անկողմնակալ լինել»’

995

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Հռոմի Պապից ակնկալում է, որ պատմական իրադարձություններից թշնամություն սերմանելու փոխարեն նա համաշխարհային խաղաղության մեջ ներդրում ունենա: Այս մասին հայտնում է Panorama.am-ը՝ հղում անելով «Էրմենիհաբեր» լրատվական կայքի վրա:

Թուրքիայի արտաքին գերատեսչության կողմից տարածված գրավոր հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Օսմանյան կայսրության վերջին տարիներն ամբողջ կայսրության համար ողբերագական են եղել և թուրքերը, հայերը և այլ ազգերը շատ դառնություններ են ապրել: Անհրաժեշտ է ընկալել այդ ժամանակաշրջանի բոլոր կողմերը և հարգանք ցուցաբերել մեծ թվով զոհերի հանդեպ: Այդ պատճառով Թուրքիան առաջարկել է թուրք և հայ պատմաբանների մասնակցությամբ համատեղ հանձնաժողով ստեղծել, Հայաստանի և այլ երկրների արխիվներում 1915 թ դեպքերը ուսումնասիրել և ապա հետազոտության արդյունքները միջազգային հանրությանը ներկայացնել: Սակայն հայկական կողմի հայացքը պատմությանը կողմնակալ է և միայն հայերի ողբերգությունն է ներկայացնում: Հայկական կողմը տեղի ունեցածը տարբեր ձևերով չափազանցնում է ` ջանալով ներկայացնել որպես ցեղասպանություն` միջազգային իրավունքում ամրագրված հանցագործություն: Պապից ակնկալվում է, որ իր հոգևոր պաշտոնի պատասխանատվության շրջանակներում, պատմական իրադարձություններից թշնամություն սերմանելու փոխարեն համաշխարհային խաղաղության մեջ ներդրում ունենա»:

Հունիսի 3-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ընդունել է հայ Կաթողիկե եկեղեցու առաջնորդ Ներսես Բեդրոս XIX պատրիարքին և նրա հետ Հռոմ ժամանած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում պատվիրակության ներկայացուցիչները հայտնել են, որ իրենք Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներն են: Հռոմի պապն ի պատասխան ասել է. «20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը հայերի նկատմամբ է իրականացվել»:

Նախորդ հոդվածը‘«Վալենսիայի» կիսապաշտպանը դարձավ Յուրա Մովսիսյանի թիմակիցը’
Հաջորդ հոդվածը‘Հրանտ Բագրատյան. Երկրում նորմալ աշխատելով մարդ չեն դառնում, դրա համար էլ արտագաղթում են’