‘Թուրքիայի կառավարությունը աշխատանքից հեռացրել է ոստիկանության վարչությունների ղեկավարներին’

886

Թուրքիայի իշխանությունները կոռուպցիոն խոշոր սկանդալի արդյունքում երկրի 16 նահանգներում աշխատանքից ազատել են ոստիկանական գլխավոր վարչությունների ղեկավարներին, հաղորդել է France-Presse  գործակալությունը: Ներքին գործերի նախարարությունում ստացված համապատասխան հրահանգի համաձայն՝ իրենց պաշտոններից զրկվել են այնպիսի խոշոր քաղաքների ոստիկանության ղեկավարներ, ինչպես՝ Իզմիրի, Անթալիայի և Դիարբեքիրի:

Նախօրեին Թուրքիայի կառավարությունը կարգադրել էր աշխատանքից հեռացնել ոստիկանության 350 աշխատակիցների, հաղորդել է բրիտանական հեռուստառադիոհեռարձակող BBC-ն: Ըստ աղբյուրի՝ հեռացված բոլոր ոստիկաններն աշխատում էին երկրի մայրաքաղաք Անկարայում: Նրանց աշխատանքից ազատելու որոշումը նույնպես կապված է կոռուպցիոն սկանդալի հետ, որը ծագել էր անցած տարվա դեկտեմբերին:

Ինչպես հաղորդվել է, անցյալ ամիս Թուրքիայում հակակոռուպցիոն ռեյդերի արդյունքում ոստիկանությունը ձերբակալել էր ավելի քան 50 հոգու, այդ թվում՝ երեք նախարարների որդիների և մի քանի խոշոր ձեռներեցների: Կատարվածը ցնցել էր թուրքական քաղաքական վերնախավին: Դրանից քիչ անց առնվազն 16 բարձրաստիճան ոստիկաններ՝ Ստամբուլում, և 18-ը՝ Անկարայում, պաշտոնանկ արվեցին: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով՝ այդ մարդիկ պաշտոնանկ են արվել իրենց լիազորությունները չարաշահելու պատճառով: Թուրքիայի վարչապետը զգուշացրել էր, որ նույնպիսի միջոցներ կարող են ձեռք առնվել նաև մյուս քաղաքներում, ինչպես նաև՝ ոստիկանության հակակոռուպցիոն ռեյդերը որակել էր որպես ընտրությունների նախօրեին իր կառավարության դեմ ուղղված զրպարտության արշավ, փոխանցում է lenta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Պոլիտեխնիկի ռեկտորը ինքն իրեն պարգեւատրել է 650 հազար դրամով. Aravot.am’
Հաջորդ հոդվածը‘Ղրղզստանի հոգևոր առաջնորդը հրաժարական է տվել սեքս-սկանդալի պատճառով’