‘Թուրքիայի Հաքյարի նահանգում պարետային ժամ է մտցվել’

825

Թուրքական Հաքյարի քաղաքում՝ Իրաքի սահմանի մոտ, երկու կլանների միջև վիճաբանությունը պատճառ է դարձել, որ տեղական իշխանությունները պարետային ժամ մտցնեն:

Քաղաքում լարվածությունն սկսվել է շաբաթ երեկոյան, երբ բախում է տեղի ունեցել քրդական Էրտոշի և Փինյանշի կլանների չորս երիտասարդների միջև: Վիճաբանության պատճառը դեռևս հայտնի չէ, սակայն երիտասարդների միջև առկա տարաձայնությունները արագ տարածվել են երկու կլանների ներկայացուցիչների շրջանում, և արդեն երեկոյան տեղի է ունեցել առաջին արյունահեղությունը. Էրտոշի կլանի անդամները ներխուժել են Փինյանշի կլանի անդամներից մեկի տուն ու սպանել նրան: Այդ միջադեպն էլ սկիզբ է դրել զանգվածային բախումների ու անկարգությունների: Կլանների անդամներն սկսել են իրար ծեծել մահակներով, քարերով, ջարդուխուրդ արել ավտոմեքենաները: Հաքյարիի կենտրոնը, ինչպես նշում է մամուլը, բառի բուն իմաստով վերածվել է ռազմական գործողությունների թատերաբեմի:

Իրադրության առավել լարում և հրազենի թափանցում  թույլ չտալու համար քաղաք են բերվել ոստիկանության և ժանդարմերիայի լրացուցիչ ուժեր՝ թեթև զրահատեխնիկայով և ջրցան մեքենաներով: Իրավապահները անկարգությունները դադարեցրել են արցունքաբեր գազի և ջրցանների օգնությամբ: Ոստիկանությունը հայտարարել է պարետային ժամ և արգելել է փողոց դուրս գալ: Քաղաքում պարեկում են ոստիկանության հատուկ նշանակության ջոկատները:

Թուրքիայի հարավ-արևելքում նախկինի պես դեռ պահպանվում է կլանայնությունը, որի կանոններն ու օրենքները տեղացիների համար հաճախ բարձր են սահմանդրությունից և քրեական օրենսգրքից: Մի քանի ընտանիքներ տասնյակ տարիներ շարունակվող թշնամանք են տածում միմյանց հանդեպ, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘SkyNews-ի թղթակցի գործողությունները աղետի վայրում քննադատության ալիք են բարձրացրել’
Հաջորդ հոդվածը‘Մեծ Բրիտանիան սպառնում է դուրս գալ ԵՄ-ից, եթե այն արմատապես չբարեփոխվի’