‘Թուրքիայի վարչապետը հրապարակել է մահապարտ ահաբեկչի ինքնությունը’

833

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հայտարարել է, որ ուրբաթ օրը Անկարայում ԱՄՆ դեսպանատան վրա ահաբեկչական հարձակումն իրականացվել է «Հեղափոխական ժողովրդական ազատագրական կուսակցություն-ճակատ» (DHKP-C)  կազմակերպության անդամի կողմից, հաղորդում է Hurriyet-ը: Ըստ Էրդողանի՝ մահապարտ ահաբեկիչը 30-ամյա Էջևիթ Շանլին է եղել, որը DHKP-C-ի անդամ է և նախկինում բանտ է նստել: «Մահապարտ ահաբեկիչը ռումբը պայթեցրել է ծառայողական մուտքն անցնելուց անմիջապես հետո և պայթյունի արդյունքում մահացել է: Գլխի վրայի խալն արդեն իսկ ապացուցում է նրա ինքնությունը, սակայն կանցկացվեն նաև լրացուցիչ ԴՆԹ-թեստեր: Պարզ է, որ նա DHKP-C-ի անդամ է, նախկինում էլ է նա նման հարձակումներ գործել»,-ասել է թուրք վարչապետը Haberturk մասնավոր հեռուստաալիքի ուղիղ եթերից:

Հիշեցնենք, որ երեկ Անկարայում ԱՄՆ դեսպանատան առջև հզոր պայթյուն էր որոտացել, նախնական վարկածի համաձայն՝ այն իրականացրել էր մահապարտ ահաբեկիչը: Hurriyet թերթի տվյալներով՝ զոհերի թիվը հասել է երեքի: Հաղորդվում է մեծ թվով վիրավորների մասին:

Թուրքիայի ոստիկանությունը չի բացառել, որ պայթյունն իրականացնող մահապարտ  ահաբեկիչը եղել է«Ալ-Քաիդա» կազմակերպությունից, քանի որ վերջերս Ստամբուլում ձերբակալվել էր կազմակերպության նախկին ղեկավար Ուսամա բեն Լադենի փեսան, հաղորդում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘Ջերմաստիճանն էապես չի փոխվի’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ արձագանքը Հայրիկյանի դեմ մահափորձին’