‘Թուրքիայի վարչապետը չի կարողացել զսպել արցունքները’

1148

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ուղիղ հեռուստաեթերում ունկնդրելով եգիպտացի քաղաքական գործչի նամակը, որը վերջինս հասցեագրել էր Եդիպտոսում ցույցերը ցրելիս զոհված դստերը, չի կարողացել զսպել արցունքները: Տասնյոթամյա Էսման զոհվել էր օգոստոսի 14-ին ոստիկանության հետ զինված ընդհարման ժամանակ և դարձել Եգիպտոսի տապալված նախագահ Մոհամեդ Մուրսիի կողմանկիցների դիմադրության խորհրդանիշը:

Զոհված դստերն ուղղված նամակում եգիպտացի քաղաքական գործիչը՝ Մուհամեդ ալ-Բելտաջին, որ «Մուսուլման եղբայրների» առաջնորդներից մեկն է,  ափսոսանք է հայտնում, որ աշխատանքով ծանրաբեռնված լինելու պատճառով չի կարողացել ավելի շատ ժամանակ տրամադրել դստերը: Նամակն ընթերցել է թուրք հայտնի բանաստեղծ Դուսուն Ալի Էրզինջանլին, և հեց այդ նամակն  էլ եղել է Էրդողանի հուզական արձագանքի պատճառը, ու նա խոստովանել է, որ ինքը նույնպես մշտական զբաղվածության պատճառով չափազանց քիչ ժամանակ է հատկացնում իր երեխաներին: «Ինձ ծանոթ է այդ զգացումը՝ երեխաներին բավարար ուշադրություն չդարձնելը: Երբ ես տուն էի վերադառնում աշխատանքից, երեխաներս քնած էին լինում: Մի անգամ աղջիկս իմ սենյակի դռանը երկտող էր կպցրել. «Մի գիշերդ էլ մեզ նվիրիր…»: Այս նամակի տողերը լսելով՝ ես կարծես տեսա սեփական երեխաներիս»,- ասել է վարչապետը, որից հետո հաղորդումն ընդհատվել է, հայտնում է РИА Новости-ն:

Սակայն թուրքական ԶԼՄ-ները չեն բացառում, որ Էրդողանը կարող էր նաև անձամբ ծանոթ լինել ալ-Բելտաջիի ընտանիքի հետ. այն քաղաքական շարժումը, որտեղ իր կարիերան սկսել է Թուրքիայի վարչապետը, ոչ պաշտոնական, սակայն սերտ կապ ուներ «Մուսուլման եղբայրների» եգիպտական մասնաճյուղի հետ, փոխանցում է euronews-ը:

Ի դեպ, այսօր հայտնի է դարձել, որ եգիպտական ոստիկանությունը ձերբակալել է Մուհամեդ ալ-Բելտաջիին:

Նախորդ հոդվածը‘Թոմաս դե Վաալ. «Պուտինը Ղարաբաղով չի տառապում և մտադիր չէ նրա վրա ծախսել իր քաղաքական կապիտալը»’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանում կհայտարարվի հերթական համաներումը’