‘Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպում են Գյանջայում ‘

1140

Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Ահմեդ Դավութօղլուն, Մայա Փանջիկիձեն և Էլմար Մամեդյարովը հանդիպում են Գյանջայում: Նախարարները նախ կհանդիպեն երկկողմանի ձևաչափով, որից հետո տեղի կունենան եռակողմ ձևաչափով խորհրդատվություններ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ադրբեջանական ԶԼՄ-ներին:

Երեք նախարարների հանդիպումն անցկացվում է Տրապիզոնում 2012 թ. տեղի ունեցած հանդիպման ժամանակ ընդունված հռչակագրի հիման վրա, որում արտացոլված են Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ռազմավարական գործընկերության ուղղությունները:

Երեք երկրների ԱԳՆ ղեկավարների առաջին նիստը տեղի էր ունեցել 2013 թ. մարտին` Բաթումում, որտեղ ընդունվել էր 2013-2015 թթ. միջգերատեսչական համագործակցության շրջանակում գործողությունների պլանը: Նշվում է, որ հանդիպման շրջանակում կողմերը կքննարկեն նաև տարածաշրջանային և միջազգային քաղաքականության խնդիրներ:

Նախորդ հոդվածը‘Օպերատիվ վիճակը Հայաստանում. Ոստիկանություն’
Հաջորդ հոդվածը‘Պաշտոնական. Կիեւում բախումների հետեւանքով զոհվել է 25 մարդ’