‘Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչումը կնպաստի ավելի առողջ թուրք սերունդ դաստիարակելուն. Զարաքոլու’

977

Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Թուրքիայի համար պետական անվտանգության հարց է: Սա է պատճառը, որ արդեն երկար տարիներ է, ինչ երկրում մերժողականության մթնոլորտ է ձևավորվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց թուրք հայտնի մտավորական, գրող, «Բելգե» հրատարակչատան տնօրեն Ռագըփ Զարաքոլուն` անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդառաջ Թուրքիայում ընթացող նախապատրաստական աշխատանքներին:

«Ինչպես խորհրդային շրջանում էր մարդկանց հոգնեցրել պաշտոնական պատմագրությունը, այնպես էլ Թուրքիայում այս խնդիրը հոգնեցրել է թուրք ժողովրդին: Չնայած Թուրքիայում առկա արգելքներին, այդուհանդերձ մեր օրերում շատացել են այն մտավորականները, ովքեր համոզվում են, որ կատարվածը ցեղասպանություն է եղել»,- նշեց Զարաքոլուն: Նրա խոսքով` վերջին շրջանում երկրում շատացել են այն թուրք մտավորականները, ովքեր սկսել են լրջորեն մտածել կատարվածի շուրջ` զուգընթաց կարեւորելով նաեւ մտավորականների ունեցած դերը:

«Ցավալի է, որ թուրական մերժողականությունը հասնում է նրան, որ ցեղասպանության տրավման փոխանցվում է նոր սերունդներին: Թուրքիան իրավունք չունի այդպես վարվել, դա շատ դաժան է սերունդների նկատմամբ»,- ասաց թուրք մտավորականը: Նա ընդգծեց, որ եթե Թուրքիան պաշտոնապես ներողություն խնդրի Հայոց ցեղասպանության համար, ապա թուրք ժողովրդի նոր սերունդներն էլ հոգեպես ավելի առողջ կլինեն: «Թե\’ թուրքական, թե\’ քրդական, թե\’ հայկական կողմի հանգստության համար պետք է կարողանանք թաղել մեր մեռելներին: Քանի մերժում ենք Հայոց ցեղասպանության իրողությունը, մեր մեռելները կշարունակեն բաց մնալ իրենց գերեզմաններում»,- հայտարարեց Զարաքոլուն:

Թուրք հայտնի մտավորական, գրող, հրապարակախոս Ռագըփ Զարաքոլուն Հայաստան էր այցելել «Հայոց ցեղասպանություն. Մարտահրավերներ հարյուրամյակի նախաշեմին» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովին մասնակցելու նպատակով: Նա մեկն է այն քչաքանակ թուրք մտավորականներից, ով Թուրքիայում բազմիցս բարձրաձայնել և գրքեր է հրատարակել Հայոց ցեղասպանության վերաբերյալ, ինչի հետևանքով բազմիցս ենթարկվել է թուրքական իշխանությունների հետապնդումներին և բանտարկվել է: Ներկայում այս նույն պայքարի համար բանտում է գտնվում նաև նրա որդին: 

Նախորդ հոդվածը‘ Րաֆֆին չէր ասել է, որ ապրիլի 9-ին ինքն ու Սերժը երդում են տալու, ինքը ասել էր, որ Սերժը ապրիլի 9-ին երդում չի տալու’
Հաջորդ հոդվածը‘Հավակնորդների մրցաշար. Արոնյանը հաղթեց Իվանչուկին ‘