‘Թուրքիան մի քանի շաբաթից կներկայացնի քրդական հարցի վերաբերյալ առաջարկները’

806

Քուրդ-թուրքական հակամարտության կարգավորման վերաբերյալ առաջարկները քուրդ անջատողականների առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ բանակցություններ վարող  Խաղաղության և ժողովրդավարության կուսակցությունը (ԽԺԿ) կներկայացնի երկու-երեք շաբաթից: Այս մասին CNN Turk հեռուստաալիքի եթերում հայտարարել է շաբաթ օրը կայացած բանակցությունների մասնակից, ԽԺԿ կուսակցության անդամ Ալթան Թանը:

30-ամյա զինված դիմակայությունը դադարեցնելու  համար Էրդողանի կառավարությունը 2012 թվականից հանդիպումներ է անցկացնում Քրդստանի բանվորական կուսակցության հիմնադիր Աբդուլլահ Օջալանի հետ, որը մեծ հեղինակություն է վայելում այդ կազմակերպության անդամների շրջանում և բազմիցս իր դժգոհությունն է հայտնել վերջին ամիսներին իր զինակիցների կողմից կազմակերպված ակցիաների աշխուժացման առիթով: Օջալանը առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում ԽԺԿ-ի ղեկավար Սելյահատտին Դեմիրթաշին է հանձնելու նամակ, որում նկարագրելու է քրդական հարցի լուծման իր տեսլականը, ինչպես նաև այն, թե ինչպես են գրոհայինները հանձնելու զենքը և հեռանալու երկրից: Զուգահեռաբար՝ իրենց առաջարկները կփոխանցեն իրաքյան Քրդստանի և եվրոպական երկրների ներկայացուցիչները: Այդ ամենը կուղարկվի Օջալանին՝ հետազոտության համար: «Եթե կարգավորման գործընթացը ձախողվի,  ապա երկրորդ անգամ այն սկսելը շատ բարդ կլինի»,- Օջալանի խոսքերն է մեջբերում Թանը:

Օջալանի կարծիքով՝ քրդական հարցը կարելի է լուծել  դեմոկրատական ճանապարհով և նորացված սահմանդրության միջոցով, ըստ որի՝ քրդերը, մնալով Թուրքիայի քաղաքացիներ, կարող են պահպանել իրենց ազգությունը և ազատորեն խոսել քրդերեն: Բանակցությունների ընթացքում Օջալանը չի անդրադարձել իր բանտարկությանը և այդ առթիվ որևէ պահանջ առաջ չի քաշել, հաղորդում է РИА Новости-ն:

Նախորդ հոդվածը‘Լավագույնը Հենրիխ Մխիթարյանի գոլն է’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանի վարչապետը վերջնագիր է ներկայացրել երկրի նախագահին’