Թուրքիան Ռուսաստանին հորդորում է համակերպվել զենքի մատակարարմանը Ուկրաինային

602

Զենքի մատակարարման վերաբերյալ Թուրքիայի և Ուկրաինայի բանակցությունները չպետք է ազդեն Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա, մամուլի հետ զրույցի ընթացքում հայտարարել է թուրքական համալսարանի պրոֆեսոր Հասան Ունալը։

«Արևմտյան երկրները, ԱՄՆ-ը և մյուսները  Ուկրաինային «քսի կտան» Ռուսաստանի վրա, իսկ մենք Ուկրաինային հրահրելու կարիք չունենք, մենք ձգտում ենք հարաբերությունները պահպանել լավ մակարդակի վրա»,- պարզաբանել է թուրք պրոֆեսորը։

Նա Մոսկվային հորդորել է համակերպվել Անկարայի մտադրությանը՝ Կիևի հետ կապերը զարգացնելու վերաբերյալ, քանի որ «թուրքական մի երկու տասնյակ անօդաչուներով» Ուկրաինային չի հաջողվի իր ռազմական հզորությամբ գերազանցել Ռուսաստանին։

Ունալի կարծիքով՝ թե՛ Ռուսաստանի և թե՛ Ուկրաինայի հետ լավ հարաբերությունները Թուրքիային կարող են հնարավորություն ընձեռել հանդես գալու որպես միջնորդ այդ երկու երկրների միջև։

«Մեր հարաբերությունները Կիևի հետ վտանգ չեն ներկայացնում Ռուսաստանի համար, նա դրանք այդ լույսի ներքո չպետք է դիտարկի»,- եզրակացրել է պրոֆեսորը։

Ապրիլի սկզբին թուրքական Bayraktar անօդաչուների արտադրողը հայտարարեց, որ Ուկրաինան արդեն գնել է իրենց համալիրները։ Մոսկվան արձագանքեց, որ դա ամենևին ուրախալի լուր չէ։ Սական Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն շտապեց հավաստիացնել, որ այդ գործարքը ուղղված չէ Ռուսաստանի դեմ։ Իսկ Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբան հայտարարեց, որ անօդաչուները հարկավոր են Ռուսաստանին զսպելու համար՝ «Ուկրաինայի դեմ լայանծավալ հարձակման դեպքում»։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԷկվադորի դատարանը Ասանժին զրկել է քաղաքացիությունից
Հաջորդ հոդվածըՏոկիո-2020. Կարեն Խաչանովը տարավ երկրորդ հաղթանակը