‘Թուրքիա. Էրդողանն անցնում է հարձակման’

1033

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անցնում է հարձակման. Անկարայում իր բազմահազար կողմնակիցների հանրահավաքի ընթացքում նա կոչ է արել հակակառավարական բողոքի ալիքին պատասխանել իշխող կուսակցության աջակցության լայնածավալ ցույցերով, ինչպես նաև՝ առաջիկա ընտրություններում ձայն տալ իր կուսակցությանը: Ցուցարարները մեծ ջերմությամբ են  արձագանքել իրենց  առաջնորդի խոսքերին և վանկարկել են. «Մենք պատրաստ ենք մեռնել հանուն քեզ, Թայիփ»:

Նույն ժամին մայրաքաղաքի Կիզիլայ հրապարակում հազարավոր մարդիկ պահանջում էին վարչապետի հրաժարականը՝ նրան մեղադրելով երկրի իսլամացման, ավտորիտար կառավարման և բողոքի ակցիաները դաժանորեն ճնշելու մեջ: Ցուցարաները հատկապես վրդովվել են հակակառավարական ցույցերի մասնակիցների հասցեին Էրդողանի վիրավորական արտահայտություններից: «Վարչապետը պետք է հասկանա, որ  մեզ անվանելով դիակապտիչներ և հարբեցողներ՝ վիրավորում է մեզ, և նման որակումներն ավելի ու ավելի շատ մարդկանց են փողոց դուրս բերում»,- ասել է ցուցարարներից մեկը:

Անկարայում հակակառավարական ցույցը ոստիկանությունը ցրել է ջրցան մեքենաներով և արցունքաբեր գազով:

Կիրակի օրը տասնյակ հազարավոր մարդիկ բողոքի ցույց են արել Ստամբուլի Թաքսիմ հրապարակում: Գեզի պուրակում դարձյալ վրանային ավան է ստեղծվել, որտեղ գիշերում են ցուցարարները:

Ստամբուլի նահանգապետ Հուսեյն Ավնի Մութլուն մայիսի 31-ին ներողություն էր խնդրել ցույցերը դաժանաբար ցրելու համար և հավաստիացրել, որ իշխանությունները ցուցարարների նկատմամբ նոր ուժային գործողություններ չեն ձեռնարկի: Այնուհանդերձ՝ քաղաքի առանձին թաղամասերում դարձյալ ընդհարումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև, հաղորդում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Միխայիլ Ժվանեցկու հեղինակային երեկոն՝ Երևանում’
Հաջորդ հոդվածը‘Գնդապետ Արտակ Բուդաղյանը կրկին վիրահատվել է ‘