‘Թուրքմենստանի նախագահը խոշոր պատվիրակության ուղեկցությամբ կժամանի Հայաստան ‘

987

Սերժ Սարգսյանի հրավերով նոյեմբերի 29-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:

Թուրքմենստանի նախագահը այցի շրջանակներում հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Նախատեսվում է մի շարք ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն: Թուրքմենստանի նախագահը կայցելի նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, հանդիպում կունենա Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Թուրքմենստանի նախագահը Երևանի պետական համալսարանում կհանդիպի պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողության հետ, կայցելի նաև Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ՝ Մատենադարան:

«Արմենպրես»-ը տեղեկացնում է, որ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի այցի շրջանակում Երեւան է ժամանելու Թուրքմենստանի մշակույթի նախարար Գունչա Մա­մեդովայի ղեկավարած 107 հոգուց բաղկացած մշակութային պատվիրակությունը:

Մշակութային ծրագրի շրջանակում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը եւ Թուրքմենստանի փոխվարչապետ Սափարդուրդի Տոյլիեւը նոյեմբերի 28-ին` ժամը 18:30-ին, Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում ներկայացնելու են Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հեղինակած «Երկնային նժույգների թռիչքը», «Թուրքմենստան» եւ «Թուրքմենստանն՝ առողջարանային երկիր» գրքերի հայերեն թարգմանությունները:

Նախորդ հոդվածը‘Վովա Գասպարյանը բացահայտել է դարի հանցագործությունը ‘
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանում հայ եղբայրները դատապարտվել են «աղջիկ փախցնելու» համար ‘