‘Թուրք գործիչները պահաջում են ճանաչել ու փոխհատուցել Ցեղասպանությունը’

1190

Թուրքիայի մի շարք հայտնի հասարակական գործիչներ, գրողներ, հարապարակախոսներ, իրավապաշտպաններ եւ իրավաբաններ, ինչպես նաեւ` Մեջլիսի պատգամավորներ, նախորդ շաբաթ օրը տեղի ունեցած «Հրանտ Դինքի սպանությունը 2015-ի հեռանկարում» ֆորումի ժամանակ աննախադեպ հայտարարություն են տարածել Հայոց ցեղասպանության վերաբերյալ: 

«Նովոստի-Արմենիա» գործակալության փոխանցմամբ՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը լրագրողներին հայտնել է, որ հայտարարությունը հրապարակվել է Հրանտ Դինքի սպանության օրն ու ժամին:  

«1915թ. Ցեղասպանության/ջարդերի ճանաչման եւ փոխհատուցման եւ թուրք հասարակությունը խայտառակությունից ազատելու վերաբերյալ առաջարկություններ» վերնագրված հայտարարությունը բաղկացած է 11 կետից եւ աչքի է ընկնում կոշտությամբ ու կոնկրետությամբ:
Առաջին իսկ կետով հեղինակները առաջարկում են Թուրքիայի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը, փոխհատուցել նյութական եւ բարոյական վնասը, ներողություն հայցել եւ դատապարտել Ցեղասպանությունը:

«Անհրաժեշտ է վերականգնել օսմանյան հայերի, պոնտացի հույների եւ ասորիների հիշատակը, օրինակ` Ստամբուլի Էլմադաղ թաղամասը վերանվանել Կոմիտասի թաղամաս (այս թաղամասում էր բնակվում մեծ երգահանը)», — նշվում է հայտարարության մեջ:

Ֆորումի մասնակիցները նշում են նաեւ, որ այսօրվա Թուրքիայում շենքեր կան, որոնք Եղեռնի տարիներին բռնազավթվել են քրիստոնյաներից: Որպես Ցեղասպանության ճանաչմանն ուղղված առաջին քայլ՝ առաջարկվում է նախկին սեփականատերերին վերադարձնել հայկական Կասաբյան ընտանիքից խլված շենքը, որն այսօր ծառայում է որպես Թուրքիայի նախագահի կեցավայր:

Հայտարարության տակ ստորագրած գործիչները պահանջում են վերացնել Թուրքիայի վարչապետին կից գործող «Ցեղասպանության անհիմն մեղադրանքների դեմ պայքարի» հանձնաժողովը եւ 2014-ի պետբյուջեից հանել Ցեղասպանության ժխտման ֆինանսավորումը նախատեսող հոդվածը:

Հայտարարության հեղինակները պահանջում են նաեւ բոլոր արեւմտահայերի, պոնտացի հույների եւ ասորիների հետնորդներին թուրքական քաղաքացիության իրավունք ընձեռել, հնարավորություն տալ նրանց վերաբնակվելու նախնիների հողերում` ընդ որում՝ պետական աջակցություն ցուցաբերելով նրանց:

Մեկ այլ կետով առաջարկվում է գաղտնազերծել Օսմայնան կայսրության կադաստրի եւ զինված ուժերի արխիվները, հրապարակել լքված գույքի վերաբերյալ արձանագրությունները, փոխհատուցել դրանք, վեր հանել օսմանյան բանկերի արխիվները: 

Առաջարկվում է նաեւ հրապարակել շուրջ 150 հազար քրիստոնյա կանանց եւ երեխաների անունները, որոնք Եղեռնի տարիներին օսմանյան իշխանությունների կողմից նվիրաբերվել են մահմեդական ընտանիքներին:

Փաստաթղթի տակ ստորագրել են գրողներ Չենգիզ Աքթարը. Սաիթ Ջենիթօղլուն, իրավապաշտպան Բասկեն Օրանը, Թուրքիայի ամենահայտնի սոցիոլոգ, պրոֆեսոր Իսմայիլ Բեշիկչին, պատմաբան Օքթան Օզելը: Ֆորումին մասնակցել է Մեջլիսում ներկայացված քրդական Խաղաղության եւ ժողովրդավարության կուսակցության պաշտոնական պատվիրակությունը:  

Արագած Ախոյանը նշել է, որ ֆորումին ինչ-ինչ պատճառներով չէին մասնակցում տեղի հայկական համայնքի ներկայացուցիչները: 

Նախորդ հոդվածը‘Գրեթե բոլոր քաղաքական ուժերը և գործիչները ԿԳԲ-ի գործակալներ են. Հայրիկյան’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին’