‘Թրամփը հաղթել է ռեկորդային մասնակցությամբ ներկուսակցական ընտրություններում’

1074

Նևադա նահանգում հանրապետականների ներկուսակցական ընտրություններում համոզիչ հաղթանակ է տարել միլիարդատեր Դոնալդ Թրամփը, որն ստացել է ձայների 42 %-ը, հաղորդել են ամերիկյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով ընտրողների շրջանում սեփական հարցումների արդյունքները:

Տվյալներ կան այն մասին, որ Թրամփի օգտին են քվեարկել նաև շատ լատինաամերիկացիներ, չնայած այն բանի, որ թեկնածուն բազմիցս ասել է, թե անհրաժեշտ է պատ շարել Մեքսիկայի սահմանին՝ ներգաղթյալների հոսքը դադարեցնելու համար:

Երկրորդ տեղի համար պայքարում են Ֆլորիդայից ընտրված սենատոր Մարկ Ռուբիոն (նախնական արդյունքը՝ 25%) և թեքսասցի սենատոր Թեդ Քրուզը (21%):

Նախնական տվյալներով՝ Նևադայում ընտրություններին մասնակցել են ռեկորդային թվով ընտրողներ: Նևադան չորրորդ նահանգն է, որտեղ անցկացվել են հանրապետականների ներկուսակցական ընտրություններ, և դրանցից երեքում հաղթել է Դոնալդ Թրամփը՝ Թեդ Քրուզին զիջելով միայն Այովայում:

Ներկուսակցական հաջորդ ընտրությունները կկայանան մարտի 1-ին, ընդ որում՝ միաժամանակ տասը նահանգներում: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Սպասվում է անձրեւ’
Հաջորդ հոդվածը‘Մահացել է «Մոնգոն»՝ Ֆիդել և Ռաուլ Կաստրոների ավագ եղբայրը’