‘Թրամփի շտաբի նախկին աշխատակցուհին մեղադրում է նրան’

1190

Դոնալդ Թրամփի նախագահական ընտրարշավի նախկին աշխատակցուհի Ալվա Ջոնսոնը նրան մեղադրում է այն բանում, որ երկուսուկես տարի առաջ Թրամփն իրեն համբուրել է և ձեռքը բռնել՝ առանց իր համաձայնության, հաղորդել է The Washington Post թերթը:

Կնոջ խոսքով՝ իր համար տհաճ այդ միջադեպը տեղի է ունեցել 2016 թ. օգոստոսի 24-ին Քլիվլենդում կայացած համագումարի ժամանակ: Նրա պատմելով՝ Թրամփը «բռնեց ձեռքս ու քաշեց իր մոտ, որ համբուրի շրթունքներս»: Այդ պահին ինքը շուռ է եկել, և Թրամփը կարողացել է համբուրել նրա շրթունքների եզրը, հետո մի քիչ էլ է բռնած պահել իր ձեռքը, ապա դուրս է եկել շենքից: «Ես անմիջապես հասկացա, որ դա բռնություն էր, քանի որ ես դա չէի սպասում ու չէի ուզում: Ես դեռ անընդհատ իմ առջև տեսնում եմ նրա շուրթերը, որոնք մոտենում են դեմքիս»,- հայտարարել է այդ կինը:

Ջոնսոնն այդ միջադեպի առիթով Ֆլորիդայում դիմել է դատարան՝ փոխհատուցում պահանջելով իր կրած «հուզական սթրեսի ու տառապանքների համար»: Նա իր հայցադիմումում նաև նշել է, որ Թրամփի ընտրարշավի համար աշխատանքի դիմաց ինքը, որպես սևամորթ աշխատակցուհի, ավելի քիչ է վարձատրվել, քան իր սպիտակ գործընկերները:

Սպիտակ տան ներկայացուցիչ Սառա Սանդերսը  հայտարարել է, որ Ջոնսոնի ասածն անհեթեթություն է: «Նման բան չի եղել, և դա ուղղակի հակասում է նրան, ինչ պատմել են վկաները»,- հայտարարել է Սանդերսը:

Ջոնսոնն աշխատում է որպես միջոցառումների կազմակերպիչ, նա ապրում է Ալաբամա նահանգի Մեդիսոն շրջանում: Ջոնսոնը 43 տարեկան է, ունի չորս երեխա:

Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Պաշտպանության նախարար. Մարտի 1-ին զինված ուժերը օգտագործվել են’
Հաջորդ հոդվածը‘НТВ-ի համահիմնադիր Իգոր Մալաշենկոյին մեռած են գտել Իսպանիայում’