‘«Ժառանգության» խոսնակը պարզաբանում է, թե ինչու է Րաֆֆի Հովհաննիսյանի բուկլետի վրա Սերժ Սարգսյանի նկարը’

1363

«Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական բուկլետի տեքստից պարզ չէ՞, թե ինչու Սերժ Սարգսյանի նկարը պետք է տեղ գտներ բուկլետում»,- iLur.am-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական բուկլետում Սերժ Սարգսյանի նկարի առկայությունը «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:

Ըստ նրա՝ Սերժ Սարգսյանն ընտրվել է այն պարզ պատճառով, որովհետև Րաֆֆի Հովհաննիսյանը նրան իր հիմնական մրցակիցն է համարում:

«Մենք նկարագրել ենք գոյություն ունեցող վիճակը և դրա այլընտրանքը»,- մանրամասնեց «Ժառանգության» խոսնակը՝ նշելով, որ «Սերժի Հայաստան»-ում նշված արտագաղթի ցուցանիշները դժվար թե տեղ գտնեին Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում:

Ինչպես արդեն հաղորդել էինք, Արամ Խաչատրյանի արձանի մոտից այսօր մեկնարկել է Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական քարոզարշավը: Ներկաներին բաժանվել են նաև Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական բուկլետները, որի ներսի հատվածում պատկերված է Սերժ Սարգսյանը և նրա նկարի վերևում գրված է ՝ «Սերժի Հայաստան», իսկ կողքի էջին պատկերված է Րաֆֆի Հովհաննիսյանը, որի նկարի վերևում գրված է՝ «Մեր Հայաստանը» և կողքին պատկերված վանդակը նշված է կարմիրով:

Նախորդ հոդվածը‘Եգիպտոսում ավտովթար է տեղի ունեցել. կա 13 զոհ’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանները պատռել են «Հակահարված» art խմբի կողմից փակցված նկարները (լրացված, տեսանյութ)’