‘«Ժառանգությունը» չի մեկնաբանում Քոքոբելյանի հայտարարությունը ‘

921

«Ճիշտն ասած՝ ցանկություն չունեմ մեկնաբանելու Խաչատուր Քոքոբելյանի հայտարարությունը», — iLur.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության մամլո խոսնակ Հավսեփ Խուրշուդյանը:

Անդրադառնալով Խ. Քոքոբելյանի  հայտարարությանը, թե մեկ է՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը կսատարի Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը, մամլո խոսնակն ասաց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ուղերձի մեջ հստակ վերաբերմունք կար, և ինքն ավելացնելու ոչինչ չունի:

Իսկ այն հարցին, թե արդյոք նշանակում է, որ երկու կուսակցությունների միջև համագործակցությունն ավարտվել է, Հովսեփ Խուրշուդյանը պատասխանեց, որ այս հարցի շուրջ քննարկումները կլինեն հոկտեմբերի 21-ին, «Ժառանգության» վարչության և խմբակցության համատեղ նիստի ընթացքում:

Հիշեցնենք, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, թե իր ու Քոքոբելյանի միջև մանդատները վայր դնելու պայմանավորվածություն է եղել, որը վերջինս չի կատարել: Իսկ երկու կուսակցությունների ղեկավարների հանդիպումից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարություն տարածեց, թե Քոքոբելյանն անձամբ հրապարակեց իր սուտը, իսկ վերջինիս սատարումը որևէ հարցում ցանկալի չէ «ժառանգության» համար:

Սրան ի պատասխան՝ Խաչատուր Քոքոբելյանն իր հերթին հայտարարություն տարածեց, որում իր ափսոսանքը հայտնեց, թե իր բացակայության ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարությամբ էր հանդես եկել՝ նշելով, թե իբր իրենք պատգամավորական մանդատները վայր դնելու պայմանավորվածություն են ունեցել:

«Տեղեկացնում եմ, որ մանդատներից հրաժարվելու վերաբերյալ պայմանավորվածություն իմ և պարոն Հովհաննիսյանի միջև չի եղել, ավելին՝ ազատական ուժի համարում ունեցող քաղաքական մարմինը չի կարող մանդատը վերցնել-չվերցնելու որոշումը կայացնել երկու անձի քննարկմամբ, առավել ևս՝ միանձնյա», — ասել էր Խ. Քոքոբելյան՝ նշելով, որ, այնուամենայնիվ, «Ազատ դեմոկրատները» սատարելու են Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը:

 

Նախորդ հոդվածը‘Բենյամինսեն. Իբրահիմովիչը կեղտոտ եւ մեծամիտ խաղացող է’
Հաջորդ հոդվածը‘Բելառուսի նկատմամբ պատժամիջոցների ժամկետը երկարաձգվել է’