‘«Ժառանգությունն» էլ է ստորագրահավաք նախաձեռնել` ՍԴ դիմելու համար’

771

ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը Սահմանադրական դատարան դիմելու ստորագրահավաք է նախաձեռնել: Խմբակցությունը մտադիր է վիճարկել Հայաստանի տարածքից դուրս բնակվող կամ գտնվող ՀՀ քաղաքացիներին համապետական ընտրություններին մասնակցելու արգելքի սահմանադրականությունը: Ըստ նախաձեռնության` Ընտրական օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին կետը հակասում է ՀՀ Սահմանադրության 4-րդ, 14.1 և 30-րդ հոդվածներին:

Հիշեցնենք, որ երեկվա նիստում Ազգային ժողովը մերժեց ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին խմբակցության օրենսդրական նախաձեռնությունն ընդգրկել Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի օրակարգում: Ընդգրկելուն կողմ էին 15, դեմ` 65, ձեռնպահ` 1 պատգամավորներ:

PanArmenian.net-ի տեղեկացմամբ, «Ժառանգություն» խմբակցությունն՝ ԸՕ-ում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկում է Հայաստանից բացակայող ՀՀ քաղաքացիներին համապետական ընտրություններին մասնակցելու հնարավորություն ընձեռնել, ինչպես դա գործող ԸՕ-ով նախատեսված է դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողների և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամների համար:

Նախորդ հոդվածը‘Սամվել Կարապետյան. Ես իսկապես չեմ ուզում, որ որևէ հուշարձան հայտնվի որևէ թանգարանում, իսկ առավել ևս Պատմության թանգարանում (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ՀԱԿ խմբակցությունը մենաշնորհների հարցով հարցապնդում է ներկայացրել կառավարությանը’