‘Ժիրայր Սեֆիլյանը հնարավոր է համարում դեպի Արցախ նոր ավտոերթը ‘

1904

Ժիրայր Սեֆիլյանը, որը հունվարի 31-ին դեպի Արցախ իրականացրած ավտոերթի կազմակերպիչներից մեկն էր, և որը մարմնական վնասվածքներ է ստացել Բերձորում ԼՂՀ ոստիկանության վայրագություններից, ֆեյսբուքում գրառում է կատարել, որտեղ կոչ է անում «անհապաղ կանխել հակաարցախյան երեւույթները»:

Սեֆիլյանը, մասնավորապես, գրում է. «2015 թ. հունվարի 31-ին Սյունիքի և Արցախի սահմանին կատարվածը ցնցել է ամբողջ հայությանը: Միևնույն ժամանակ՝ ՀՀ-ում և արտերկրում բնակվող հայերի մի մասը տեղի ունեցածի տպավորության ազդեցությամբ բացասաբար է տրամադրվում մեր արցախաբնակ հայրենակիցների նկատմամբ:

Իրականում մեր ավտոշարասյան վրա հարձակվել են ոճրագործ ռեժիմի կամակատար մի խումբ բաշիբոզուկներ, որոնք արցախաբնակ հայության շրջանում տոկոս չեն կազմում: Ընդհակառակը՝ այնտեղի հայությունը կրկնակի կեղեքված է և կարիք ունի օր առաջ ազատվելու այդ բաշիբոզուկների տիրապետությունից:

Այդ պատճառով մեր բոլոր ազնիվ հայրենակիցներին խնդրում և հորդորում եմ զերծ մնալ «ղարաբաղցի-հայաստանցի» կեղծ ու վտանգավոր տարբերակումից և անհապաղ կանխել դրա ամեն մի դրսևորում»,- նշում է Սեֆիլյանը:

Միաժամանակ, երեկ պատասխանելով  հարցին, թե հնարավո՞ր է՝ նորից փորձեք ավտոերթով Արցախ գնալ, Սեֆիլյանը պատասխանել է. «Ամեն ինչ հնարավոր է»: Ճշտող հարցին՝ «Ժամկետներ դեռ չկա՞ն», Սեֆիլյանը պատասխանել է, որ դեռ պարզ չէ:

Նախորդ հոդվածը‘Պրեմիերայի հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստները’
Հաջորդ հոդվածը‘«Վեսթ Հեմին» կարող են հեռացնել Անգլիայի գավաթի խաղարկությունից’