Ժիրինովսկին կանխատեսում է միլիոնավոր ամերիկացիների տարհանում Սիբիր

513

ՌԴ պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին Telegram-ում կանխատեսել է միլիոնավոր ամերիկացիների տարհանում Սիբիր՝ ԱՄՆ-ում ազգամիջյան հակամարտությունների պատճառով։

Պատգամավորը հիշեցրել է Խորհրդային Միության պատմությունը, որը, քաղաքական գործչի կարծիքով՝ փլուզվեց այն պատճառով, որ «ռուսները կերակրում էին ազգային ծայրամասերը»։ Նրա կարծիքով՝ նույնպիսի գործընթաց է տեղի ունենում այժմ ԱՄՆ-ում։

«Այնտեղ ազգային ծայրամասեր չկան, բայց այնտեղ կան աֆրոամերիկացիներ, մեքսիկացիներ, մի խոսքով՝ ոչ սպիտակամորթ բնակչություն, որն արդեն իր կամքն է թելադրում, իսկ սպիտակամորթներին ավելի ու ավելի են արգելում խոսել իրենց իրավունքների, իրենց մշակույթի, իրենց պատմության մասին։ Նրանց, ըստ էության, ոչնչացնում են»,- հայտարարել է Ժիրինովսկին։

Նա նշել է, որ եթե հիմա սպիտակամորթ ամերիկացիները դեռ մեծամասնություն են կազմում, ապա տասը տարի անց նրանք կվերածվեն փոքրամասնության, որը  խտրական վերաբերմունքի կենթարկվի։

«Եվ կսկսվի նրանց տարհանումը Կանադա, Ավստրալիա և աշխարհի այլ շրջաններ։ Գուցե նույնիսկ մեզ խնդրեն Սիբիրում մի տեղ բնակեցնել մի քանի միլիոն ամերիկացու»,- գրել է Ժիրինովսկին և եզրակացրել, որ նման պայմաններում ԱՄՆ-ը «կփլվի», քանի որ սպիտակամորթների արտահոսքից հետո նոր հասարակությունը չի կարողանա պահել տեխնոլոգիաների, տնտեսության և կյանքի զարգացման նույն մակարդակը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՎնասը գերազանցում է 240 միլիոն դոլարը
Հաջորդ հոդվածըՌադայի նախկին պատգամավոր․ «Զելենսկին թունդ վիրավորել է Մերկելին»