‘ ԺՀԿ փոխնախագահ. Ինձ համար անհասկանալի է Պետրոս Մակեյանի կեցվածքը ‘

1506

Ինչպես հայտնի է՝ Հայ ազգային կոնգրեսի քաղխորհուրդը օրերս որոշում է ընդունել, ըստ որի Կոնգրեսը նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու չի առաջադրելու եւ չի սատարելու առաջադրված թեկնածուներից եւ ոչ մեկին: Ի պատասխան, Կոնգրեսի մաս կազմող «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը հայտարարեց, թե «ԺՀԿ-ի քաղխորհուրդը երկու օր առաջ որոշել է, որ այդ հարցին կանդրադառնա հունվարի 2-րդ կեսին: Մեր կուսակցության փոխնախագահը, լինելով ազնիվ մարդ, թյուրիմացաբար իր համաձայնությունն է տվել, այսինքն` այդ թյուրիմացությունը կա, և մեր կուսակցությունն այդ որոշման տակ չի ստորագրում»:   

iLur.am-ի հետ զրույցում Կոնգրեսի հայտարարությունը ստորագրած` ԺՀԿ  փոխնախագահ Ղուկաս Մեհրաբյանը, սակայն, այլ բան է պնդում: «Ես որպես ԺՀԿ  փոխնախագահ մոտ 4 տարի մասնակցել եմ Կոնգրեսի քաղխորհրդի նիստերին՝ ունեցել եմ լիարժեք լիազորություններ, այդ թվում նաեւ՝ քննարկվող հարցերի շուրջ կուսակցության անունից դիրքորոշումներ հայտնելը, ինչը եւ ես արել եմ վերջին նիստում»,- ասում է Մեհրաբյանը: Մեր այն նկատառմանը, որ կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը պնդում է, որ այդ հայտարարությամբ խախտվել է ԺՀ կուսակցության քաղխորհրդի որոշումը, Մեհրաբյանը հակադարձում է. «Նման բան բացարձարկապես չկա, որեւէ որոշում, որը ինձ կկաշկանդեր, կուսակցությունը չի ընդունել: Ինձ համար անհասկանալի են Պետրոս Մակեյանի կեցվածքը, ինչպես նաեւ Կոնգրեսի վերաբերյալ նրա կողմից արտահայտված տեսակետները»: Մեհրաբյանը պնդում է՝ Կոնգրեսի վերաբերյալ Մակեյանի կողմից հնչեցված դիրքորոշումները ոչ մի կապ չունեն կուսակցության մեծամասնության կարծիքների հետ:

«Կուսակցության մեծամասնությունը Կոնգրեսի հետ է, դիտարկում է Կոնգրեսին որպես առաջատար ընդդիմադիր ուժ, եւ նրա հետ է կապում երկրի վերափոխման ծրագրերը»,- հայտարարեց Մեհրաբյանը:

Ի դեպ, ըստ Մեհրաբյանի, Պետրոս Մակեյանն ինքն էլ դեմ չէ Կոնգրեսի կողմից ընդունված որոշմանը, ինչըեւ ավելի անհասկանալի է դարձնում Մակեյանի դիրքորոշումը: 

Նախորդ հոդվածը‘Մոսկվայում տեղի ունեցած ավիավթարի հետեւանքով զոհերի թիվը հասել է 3-ի’
Հաջորդ հոդվածը‘Հրանտ Բագրատյանն առաջադրվեց ‘