‘ԺՀՄԻԳ-ը բացահայտում է. առաջարկները ԺՀՄԻԳ-ին ներկայացվել են ուշ աշնանը’

1217

Ինչպես հայտնի է՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության առաջին խմբի՝ Երեւան կատարած այցի ժամանակ հայտնի դարձավ, որ ՀՀ իշխանությունները ստեղծել են ինչ-որ աշխատանքային խումբ՝ ԱԺ ընտրություններից հետո միջազգային կառույցների կողմից ներկայացված հանձնարարականները ուսումնասիրելու նպատակով: Այդ մասին հայտնի էր դարձել ԺՀՄԻԳ-ի առաքելության ղեկավար Հայդի Տալիավինիի եւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպման ժամանակ: Ըստ Նալբանդյանի, խումբը ստեղծվել էր օգոստոսի 31-ին:

Մենք արդեն տեղեկացրել էինք, որ խմբի ստեղծման վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն չի տարածվել: Որեւէ պաշտոնական տեղեկատվություն չէր հաղորդվել նաեւ խմբի գործունեության եւ դրա արդյունքների վերաբերյալ, եւ եթե չլիներ Նալբանդյանի հայտարարությունը, խմբի ստեղծման մասին հայաստանյան հանրությունը երեւի այդպես էլ անտեղյակ կմնար:

Մեկ այլ ուշագրավ հանգամանք էր այն, որ Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ դեսպան Տալիավինին հայտարարել էր, թե հանձնարարականների կատարումը չպետք է տեղի ունենա ընտրություններին այդքան մոտ ժամանակահատվածում, եւ նաեւ նշել էր, որ ԺՀՄԻԳ-ը պատրաստ է աջակցել ԱԺ ընտրություններից հետո իրենց կողմից հրապարակված զեկույցում նշված հանձնարարականների կատարման հարցում՝ նախագահական ընտրություններից հետո:

Այս կապակցությամբ iLur.am-ը հարց էր ուղղել տիկին դեսպանին՝ «արդյո՞ք 5 ամիսը ԺՀՄԻԳ-ի տեսանկյունից խիստ մոտ ժամկետ է նախագահական ընտրություններին» (հաշվի առնելով, որ խումբ, ըստ ՀՀ իշխանությունների ստեղծվել էր դեռ օգոստոսի 31-ին), եւ եթե ԺՀՄԻԳ-ը գտնում է, որ այդ աշխատանքային խումբը պետք է իր աշխատանքները իրականացնի նախագահական ընտրություններից հետո, ապա ինչպե՞ս կմեկնաբանի վերջինս՝ 2012-ի նոյեմբերին ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության ղեկավարի կողմից Հայաստանի ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանին ուղղված նամակը, որտեղ վերջինս ողջունում էր այդ աշխատանքային խումբը ստեղծելու հանգամանքը, եւ նաեւ այն, որ այդ խումբը հանձն է առել իրականացնել ԺՀՄԻԳի 26 հանձնարարականներից 18-ը: «Եթե նոյեմբերին այդ հանձնառությունը ողջունվել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության ղեկավարի կողմից, ապա ինչո՞ւ է տիկին դեսպանը  նման հայտարարություն արել Երեւանում»,- նշել էինք մեր հարցման մեջ:

Ի պատասխան, տիկին Տալիավինիից iLur.am-ը ստացել է հետեւյալ պարզաբանումը: «ԺՀՄԻԳն ուսումնասիրել է Հայաստանի իշխանությունների կողմից ստեղծված Աշխատանքային խմբի առաջարկները` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ԸԴԱ 2012 թի Վերջնական զեկույցում ներկայացված առաջարկությունների վերաբերյալ: Այդ առաջարկները ներկայացվեցին ուշ աշնանը, և մեր գրասենյակը, թեև գտնում էր, որ այդ ջանքերը գովելի են, սակայն լայնամասշտաբ օրենսդրական փոփոխություններ պետք է իրականացվեն միայն փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններից հետո»:

 

Պատասխանում նաեւ նշվում է. «Գոյություն ունի տարածված պրակտիկա, հիմնված Վենետիկի հանձնաժողովի՝ Ընտրական հարցերում դրական պրակտիկայի կանոնների վրա (Code of Good Practice in Electoral Matters), ըստ որի, օրենսդրական շրջանակի որևէ փոփոխություն չպետք է տեղի ունենա ընտրություններից անմիջապես առաջ (նախքան ընտրությունները մեկ տարվա ժամանակահատվածում): Միևնույն ժամանակ, վարչական և ընթացակարգային բարեփոխումների հնարավոր է անդրադառնալ առաջիկա ընտրություններից առաջ:   

Այդ նպատակով մենք Հայաստանի իշխանություններին տեղեկացրել ենք, որ ԺՄԻԳը պատրաստ է մասնակցել 2012թի ԸԴԱում ներկայացված առաջարկությունների բովանդակային քննարկմանը (այժմ կարող ենք ասել նաև՝ 2013թի համար) նախագահական ընտրություններից հետո՝ ներգրավելով բոլոր գլխավոր քաղաքական ուժերին, կառավարության համապատասխան մարմիններին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին»:

Ահա եւ ստացանք այս հանելուկի գլխավոր պատասխանը. ՀՀ իշխանությունները՝ ի դեմս այդ աշխատանքային խմբի, առաջարկները ներկայացրել են ուշ աշնանը: Ուշ աշուն ասելով, կարելի է թերեւս հասկանալ՝ նոյեմբեր, իսկ գուցե նաեւ նոյեմբերի վերջ: Այսինքն, աշխատանքային խումբը օգոստոսի 31-ից սկսած դե ֆակտո ջուր է ծեծել մինչեւ նոյեմբերի վերջ, հետո հայտարարել, որ պատրաստ է սկսել որոշ հանձնարարականների կատարումը, բայց քանի որ արդեն փաստացի նախընտրական փուլ էր, ԺՀՄԻԳ-ն էլ, բնականաբար, առաջարկել է դրանց կատարումը թողնել ընտրություններից հետո:

Մնում է միայն պարզել, թե ինչպե՞ս են կարողացել այդ աշխատանքային խմբի անդամները մոտ երեք ամիս դե ֆակտո ոչինչ չանելով՝ այնպես ժամանակ ձգել, որ բանը հասնի ընտրությունների շեմին, եւ հետո այլեւս ԺՀՄԻԳ-ի հանձնարարականները կատարելը դառնա անհնար:

Հիշեցնենք, որ ըստ իշխանությունների, Սերժ Սարգսյանի անհայտ կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խմբի ղեկավարը Վիգեն Սարգսյանն է, իսկ խմբին անդամակացում են Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Դավիթ Հարությունյանը, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանը, փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը, եւ այլոք:

 

Նախորդ հոդվածը‘ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ հերթական զեկույցը. Ս. Սարգսյանի օգտին վարչական ռեսուրսի օգտագործման դեպքերը բազմաթիվ են’
Հաջորդ հոդվածը‘Ապահովագրական ընկերությունը «Միսթր Բինի» սուպերքարի վերանորոգման համար 910հզ. ֆունտ է վճարել’