‘ԺՀՄԻԳ-ը հրապարակել է առաջին միջանկյալ զեկույցը’

1237

Քիչ առաջ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հրապարակել է փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների վերաբերյալ առաջին միջանկյալ զեկույցը: Այն հիմնականում ճանաչողական է, եւ հիմնականում ներկայացնում է ընտրությունների անցկացման կարգը, օրենսդրական բազան, առաջադրված թեկնածուներին:

Զեկույցում հիշատակվում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի 2012-ի մայիսին կայացած ԱԺ ընտրություններից հետո հրապարակված վերջնական զեկույցը, եւ այդ զեկույցում ԱԺ ընտրությունների վերաբերյալ տրված գնահատականները, այն է. «Ընտրությունները, որոնք անցկացվեցին բարեփոխված իրավական դաշտի ներքո, բնորոշվեցին մրցակցային, ակտիվ և հիմնականում խաղաղ նախընտրական քարոզչությամբ, ինչը, սակայն, ընդգծվեց գործընթացների  ամբողջականության նկատմամբ վստահության ցածր մակարդակով: Ընտրություններին մասնակիցների կողմից նախընտրական քարոզչության դրույթների որոշ խախտումներ, այդ թվում, վարչական միջոցների օգտագործումը և ընտրողների ընտրության ազատությունը սահմանափակելու փորձերը, ստեղծել էին անհավասար մրցակցային դաշտ և հակասում էին ԵԱՀԿ պարտավորություններին»:

Սակայն, ներկայացված առաջին միջանկյալ զեկույցում մի բավականին ուշագրավ հատված կա`կապված ԺՀՄԻԳ առաջարակությունները ուսումնասիրելու համար 2012-ի օգոստոսին Սերժ Սարգսյանի կարգադրությամբ ստեղծված այն աշխատանքային խմբի հետ, որի գոյության մասին հայաստանյան հանրությունը իմացել է միայն վերջերս: «Խորհրդարանական ընտրություններից հետո նախագահի (նկատի ունի Սերժ Սարգսյանին-խմբ.) կարգադրությամբ ստեղծվեց աշխատանքային խումբ` բաղկացած կառավարության եւ այլ պետական ներկայացուցիչներից: Խմբին հանձնարարված էր ուսումնասիրել այն հանձնարարականները, որոնք ներկայացվել էին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի եւ այլ միջազգային կառույցների կողմից հրապարակված զեկույցներում, ինչպես նաեւ ներկայացնել դրանց իրականացման համար գործողությունների պլան: Աշխատանքային խմբի գործունեության արդյունքները ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին են ներկայացվել 2012 թվականի հոկտեմբերին, որը առաջարկել է, որ իրավական նորմատիվային բազայի դրույթները չպետք է փոփոխության ենթարկվեն սպասվող ընտրություններին այդքան մոտ»,- նշված է զեկույցում:

Փաստորեն, ըստ զեկույցի ստացվում է, որ այդ աշխատանքային խումբը, որի կազմում էին հիշեցնենք` Վիգեն Սարգսյանը, Տիգրան Մուկուչյանը, Դավիթ Հարությունյանը, Հրայր Թովմասյանը եւ այլոք, ոչ միայն աշխատել են, այլեւ նույնիսկ աշխատանքի արդյունքներ են ներկայացրել ԺՀՄԻԳ-ին: Անհասկանալի է մնում միայն այն, որ եթե իրոք ինչ-որ արդյունքներ ներկայացրել են, ապա ինչո՞ւ դրանք չեն ներկայացրել նաեւ հանրությանը:

 

Նախորդ հոդվածը‘Մերկելը կոչ է անում Բրիտանիային՝ չլքել Եվրամիությունը’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիացի պատգամավորը ԵԽԽՎ-ում խոսել է Կոնգրեսի երիտասարդների գործից’