‘ԺՀՄԻԳ-ի դիտորդները Հայաստան կժամանեն հունվարի 14-ից’

1040

Ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող ամենամասնագիտացված և լուրջ կառույցը՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, արդեն ձևավորել է դիտորդական առաքելության իր հիմնական թիմը, որն այս տարվա փետրվարի 18-ին պետք է դիտարկի ՀՀ նախագահական ընտրությունները։ Հիմնական թիմը ձևավորվել է ԵԱՀԿ անդամ 11 երկրների 13 ներկայացուցիչներից։

Երկարաժամկետ դիտորդները, որոնք պետք է իրենց աշխատանքները իրականացնեն ամբողջ Հայաստանով մեկ, 24-ն են։ Կարճաժամկետ դիտորդների թիմը, որը բաղկացած է լինելու 250 հոգուց, դեռ պետք է կազմավորվի ԵԱՀԿ անդամ երկրներից։ Առաքելության գրաֆիկն այսպիսին կլինի: Հունվարի 11-ին, այսինքն՝ արդեն վաղը, նրանք կտան անդրանիկ մամլո ասուլիսը։ Երկարաժամկետ դիտորդները Հայաստան կժամանեն արդեն հունվարի 14-ին։ Վերջիններիս մամլո ասուլիսները նախատեսված են հունվարի 15-ին և 16-ին։ Հունվարի 16-ին՝ երկրորդ ասուլիսից հետո, երկարաժամկետ դիտորդները պետք է ցրվեն Հայաստանով մեկ՝ տեղում շարունակելու իրենց աշխատանքները։

Կարճաժամկետ դիտորդական առաքելությունը Հայաստան կժամանի փետրվարի 15-ին։ Կարճաժամկետ դիտորդների ասուլիսները նախատեսված

են նույն օրը և ապա նաև փետրվարի 16-ին։ Երկրորդ մամլո ասուլիսից հետո կարճաժամկետ            դիտորդները պետք է ցրվեն Հայաստանի տարածքով։ Փետրվարի 17-ին կարճաժամկետ դիտորդները պետք է ծանոթանան դիտարկման ոլորտի հետ։ Փետրվարի 18-ին՝ ընտրությունների օրը, դիտորդները, բնականաբար, սովորականի պես պետք է այցելեն տեղամասեր։

Փետրվարի 19-ին ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը հանդես է գալու մամլո ասուլիսով՝ որտեղ պետք է ներկայացնեն ընտրությունների վերաբերյալ իրենց նախնական գնահատականները և եզրակացությունները։ Փետրվարի 21-ին կարճաժամկետ դիտորդները կլքեն Հայաստանի տարածքը։ Երկարաժամկետ դիտորդները Հայաստանից կմեկնեն փետրվարի 25-ին։ Փետրվարի 28-ին կմեկնի ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության հիմնական թիմը։ Նշվում է նաև, որ եթե ընտրությունները չավարտվեն մեկ փուլով, ապա երկրորդ փուլի պարագայում ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը մնալու է Հայաստանում, որպեսզի դիտարկի երկրորդ փուլը ևս։ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության հիմնական նպատակն է հետևել ընտրություններին և պարզել, թե որքանով են այդ ընտրությունները համապատասխանում ժողովրդավարական ընտրությունների միջազգային չափանիշներին, ԵԱՀԿ-ի առաջ ստանձնած պարտավորություններին ու նաև ներքին օրենսդրությանը։

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը ղեկավարելու է շվեյցարացի դեսպան տիկին Հեյդի Տալիավինին։

Նախորդ հոդվածը‘Իրակլի Օքրուաշվիլիի գործով վկաները հրաժարվել են իրենց ցուցմունքներից ‘
Հաջորդ հոդվածը‘Եղվարդցիներին հետաքրքրում է, թե ոնց միանգամից հարստացավ էպոսագետը’