‘Ժնևում մեկնարկել է ՄԱԿ-ՌԴ-ԱՄՆ ձևաչափով հանդիպումը՝ նվիրված Սիրիային’

710

ՄԱԿ-ի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները չորեքշաբթի օրը Ժնևում սկսել են բանակցությունները Սիրիայում իրավիճակի քաղաքական կարգավորման հարցով երկրորդ միջազգային համաժողովը կազմակերպելու վերաբերյալ:

Ռուսաստանի կողմից հանդիպմանը մասնակցում են արտաքին գործերի փոխնախարար Գենադի Գատիլովը և Մերձավոր Արևելքի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ԱԳՆ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը: ԱՄՆ-ը ներկայացնում են պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը և պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Էլիզաբեթ Ջոնսը: ՄԱԿ-ի կողմից բանակցություններին մասնակցում են գլխավոր քարտուղարի հանձնակատար Լահդար Բրահիմին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելթմանը:

Ինչպես РИА Новости-ին հաղորդել է դիվանագիտական աղբյուրը, բանակցությունների թեման համաժողովի անցկացման պայմաններն են լինելու՝ նրա ձևաչափը և մասնակիցների ցանկը: Մասնավորապես, Ռուսաստանը պնդում է, որ Իրանը, Սաուդյան Արաբիան և Եգիպտոսը նույնպես հրավիրվեն համաժողովին, մինչդեռ արևմտյան պետությունները Թեհրանի մասնակցությունն աննպատակահարմար են համարում: Բացի այդ՝ պետք է հստակեցվի, թե բանակցություններում ով է ներկայացնելու սիրիական հակամարտության կողմերին, փոխանցում է РИА Новости-ն:

Նախորդ հոդվածը‘ՄԻՊ. Առողջ երեխաներին ստիպում են սովորել ծայրահեղ վատ պայմաններ ունեցող հատուկ դպրոցում’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիա. Իշխանությունները ներողություն են խնդրում, սակայն ջրցան մեքենաները չեն լռում’