‘Ի՞նչ աշխատավարձ են ստանում թագուհիներն ու արքայադուստրերը’

1252

Թագուհի, իշխան, դքսուհի կամ արքայազն. սրանք ոչ միայն նախանձելի տիտղոսներ են, այլև պաշտոններ՝ որոշակի աշխատավարձով: Եւ այսպես, որքա՞ն են վաստակում եվրոպական միապետները:

Դեկտեմբերի սկզբին ցանցահենները հրապարակեցին Ելիզավետա II թագուհու 26-ամյա թոռնուհու՝ Բեաթրիսի աշխատավարձի չափը: 2014 թվականից Յորքի իշխանուհին աշխատում է Sony Pictures ընկերությունում՝ որպես պրոդյուսեր, և նրա տարեկան դրույքը կազմում է 19,5 հազար կամ ամսական 1600 ֆունտ սթեռլինգ: Պարզվում է՝ սա ամենաբարձր ցուցանիշը չէ՝ նրա ազգականների և հարևան թագավորությունների «գործընկերների» համեմատ:

Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա II-ի աշխատավարձը 2013 թվականին բարձրացվեց (մինչ այդ՝ 20 տարի շարունակ այն նույն չափի էր): Այսուհետև թագավորական ընտանիքի, պալատի և սպասավորներին վճարելու (ավելի քան 10 մլն ֆունտ) համար ծախսվում է 36,1 մլն ֆունտ: Փորձագետների հաշվարկով՝ եթե այդ գումարը բաժանենք Մեծ Բրիտանիայի բոլոր հարկատուների թվի վրա, ապա կստացվի յուրաքանչյուրից մեկ ֆունտից էլ պակաս: Ինչ վերաբերում է թագուհու անձնական ծախսերին, նրան բաժին է հասնում ամսական 670 հազար դոլար, իսկ նրա ամուսնուն՝ Էդինբուրգյան դքսին՝ 515 հազար դոլար: Ընտանիքի մյուս անդամներին իր անձնական միջոցներից բաժին է հանում Ելիզավետա II-ն անձամբ: Օրինակ, թոռան՝ արքայազն Ուիլյամի համար տատիկը չի խնայում ամսական հատկացնել 62 409 դոլար (կամ օրական 250 դոլար): Իսկ թագուհու որդին՝ Չարլզը, սկզբունքորեն հրաժարվել է մոր օգնությունից, ինքն է իրեն պահում և պարտաճանաչ կերպով վճարում է 40 % եկամտահարկը Քորնուոլ դքսության ռենտայից, որը տարեկան առնվազն 6,5 մլն դոլարի եկամուտ է ապահովում:

Ինչ վերաբերում է ընտանիքի մյուս անդամներին, ապա նրանք անում են՝ ինչ կարող են:

 

Այս տարվա փետրվարին ( դեռ մինչև Խուան Կառլոս I-ի հրաժարվելն Իսպանիայի գահից՝ հօգուտ իր որդու՝ Ֆիլիպեի) Իսպանիայի միապետներն առաջին անգամ հրապարակեցին տարեկան աշխատավարձի չափը: Թագավորական ողջ ընտանիքի համար երկրի բյուջեից հատկացվում է 7,7 մլն դոլար: Ընտանիքի բոլոր անդամների աշխատավարձերի գումարը կազմում է 698 331 եվրո: Դրանից՝ 292 752 եվրոն՝ թագավորի աշխատավարձն է, 131 739-՝ թագուհու, իսկ նրանց ժառանգներինը՝ 146 376 եվրո:

 

Հարկատուների վրա բավական թանկ է նստում նաև Հոլանդիայի միապետներին պահելը: Մասնագետների հաշվարկների համաձայն՝ թագավորական տունն ամեն ինչով ապահովելու համար տարեկան անհրաժեշտ է 90 մլն եվրո: Նիդեռլանդների արքա Վիլլեմ-Ալեքսանդրի աշխատավարձը  կազմում է մոտավորապես 829 հազար եվրո, ևս 200 հազար ստանում է նրա կինը՝ Մաքսիման: 2012 թ. հոլանդացիների զայրույթն էր հարուցել այն, որ միապետների ամուսնական զույգը Հունաստանի հարավում «համեստ ամառանոց» էր գնել 4,5 մլն եվրոյով (միայն պարիսպն արժեր 460 հազար եվրո): Հասարակությանը մի փոքր հանդարտեցնելու համար թագավորական զույգը որոշել էր վաճառել Մոզամբիկում իրենց սիրելի վիլլան:

Նիդեռլանդների արքայական ընտանիքի անձնական ունեցվածքը, որը ժառանգվել է ունևոր նախնիներից, փորձագետների գնահատմամբ՝ կազմում է 4,7 մլրդ դոլար, ինչն այս ընտանիքը դասում է եվրոպացի ամենաունևոր միապետների շարքը:

Նախորդ հոդվածը‘ՀՔԱՎ. Ջրծաղիկից մահացած զինծառայողի գործով դատաքննությունը շարունակվում է ‘
Հաջորդ հոդվածը‘Տըխկըլը-տըմբըլը. Սերժ Սարգսյանը մասնակցել է Գեղամյանի գրքի շնորհանդեսին ‘