‘Ի՞նչ են գրում մադրիդյան թերթերը. «Հիասթափված երկրպագուները խաղից հետո բացականչում էին. «Ֆլորենտինո, հեռացի’ր»’

952

Գաղտնիք չէ, որ իսպանական «AS » և «Marca» պարբերականներն ապահովում են Մադրիդի «Ռեալի» վերաբերյալ տեղեկատվական հիմնական հոսքը: Այսօր երկու լրատվամիջոցների ներկայացուցիչներն էլ ցավով են գրել Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում «Բարսելոնայից» 0:4 հաշվով կրած պարտության մասին:

«AS» 

Լուիս Նետո. ««Ռեալը» խաղադաշտ դուրս եկավ առանց մարտավարության: Երկրպագուների` խաղասկզբին աջակցության սպիտակ դրոշները խաղավարտին վերածվեցին դժգոհություն արտահայտելու միջոցի, իսկ դրանց մեջ արցունքներ կային: Անզորության և ցավի արցունքներ: Դժվար, ցավալի պարտություն: Այն հաստատ իր հետևանքները կունենա, և ոչ ոք չգիտի` ինչ կարգի հետևանքներ: Խոսքը միայն մրցաշարային աղյուսակի մասին չէ:

Ներկայիս «Ռեալը» կորցրել է որսորդի բնավորությունը, այդ բնավորությունն այլևս չկա ակումբի ԴՆԹ-ում: «Բարսելոնան» պարզապես կանգնեցրեց «Ռեալին», այն ֆուտբոլիստներին, ովքեր խաղում են քանի որ այդպես ուզում է ղեկավարությունը, ոչ թե մարզիչը: Արդյունքում «Բարսելոնան» 6 միավորի առավելություն ունի, բայց «Ռեալի» համար ամեն ինչ այնքան հեռու է, կարծես թիմը Մարսում լինի»:

Ալֆրեդո Ռելանյո. «Առաջին անգամ Բենիտեսի ենթակայության տակ էին բոլոր ֆուտբոլիստները, և նա ցույց տվեց իր իրական դեմքը: Նա խաղադաշտ դուրս բերեց կազմ, որը նախագահի ցանկությունն էր արտահայտում. Կարվախալի փոխարեն խաղում էր Դանիլոն, խաղում էր Բենզեման, բայց չկար Իսկոն, որպեսզի պարզապես ուժեղացնի կիսապաշտպանությունը: Կազեմիրոն պահեստայինների թվում էր, քանի որ մնացել է մի շարք աստղերի ստվերում:

Եթե հաշվի չառնենք Դանիլոյի, ապա սա այն թիմն էր, որը Անչելոտիի գլխավորությամբ 22 անընդմեջ հաղթանակ էր տոնել, բայց այս թիմը բոլորովին այլ ֆուտբոլ էր ցուցադրում: Թիմային ոգին շատ հեռու է, ֆուտբոլիստները Բենիտեսին չեն նայում այնպես, ինչպես նայում էին Անչելոտիին: Նրանք անգամ այն մարզավիճակում չեն, որն ունեին Կարլոյի օրոք»:

Էլիաս Իսրայել. «Հիասթափված երկրպագուները խաղից հետո բացականչում էին. «Ֆլորենտինո, հեռացի’ր»: 0:4 հաշիվը վառ արտացոլում է այն շրջանը, որում «Բարսելոնան» «Ռեալից» շատ ավելի ուժեղ դարձավ: «Բարսելոնան» դարձել է ավելի լավ սպորտային նախագիծ, քան «Ռեալը», որը նախագահի ձեռքին վերածվել է խաղալիքի: Պերեսը կարծում է, թե նվաճած տիտղոսներն իր շնորհքն են, իսկ ձախողումներում մեղավոր են միայն մարզիչները:

Բենիտեսի հետ աշխատելու ծրագիրը հիասթափեցնող էր դեռ այն ժամանակ, երբ նա համաձայնեց գլխավորել «Ռեալը»: Այժմ «Ռեալի» անդամների մեծ մասը գտել է, թե որտեղ է խնդիրը. սկսել են խոսել նախագահի հրաժարականի մասին, քանի որ մարզչի փոփոխությունն արդեն խնդրի լուծում չի համարվում»:

 

«Marca»

Էմիլիո Կենտրերաս. «Բենիտեսը խաղադաշտ դուրս բերեց բոլոր աստղերին` հավանաբար, դեմ դուրս գալով իր ցանկություններին: Ոչ ոք չի կարող ասել, որ շաբաթ օրը մարզիչը ցանկանում էր պաշտպանվել: Նա իր ֆուտբոլիստներին դաշտ էր դուրս բերել գրոհելու համար, բայց «Բարսելոնան» հետք չթողեց այդ թիմից: Այնպիսի տպավորություն էր, կարծես տղամարդիկ խաղում էին պատանիների դեմ:

Սակայն պետք չէ մեղավորությունը բարդել միայն մարզչի վրա: Ֆուտբոլիստներին քննադատելու առիթ կա. BBC եռյակը մի կողմ էր քաշվել, «Ռեալի» կիսապաշտպանությունը ճնշված էր, Թոնի Կրոսն ավելի շուտ իր ստվերն էր հիշեցնում, Մոդրիչը, Խամեսը և Իսկոն պարզապես հետևում էին կատալոնական պարին: Պաշտպանությունում անկարգություն էր. Նեյմարը ծաղրեց Դանիլոյին, իսկ Լուիս Սուարեսը նույնն արեց Ռամոսի ու Վարանի հետ»:

Խոսե Ֆելիքս. ««Սանտյագո Բեռնաբեուն» նման բաներ հաճախ չի տեսնում, եթե չասեք, որ ընդհանրապես չէր տեսել: Անգամ 2:6 հաշվով կրած պարտության և այս խաղի միջև տարբերություններ կան: Այս անգամ մի թիմը գիտեր, թե ինչ է պետք անել և առաջին իսկ րոպեից վերահսկում էր գնդակի տեղաշարժը, մյուս թիմը շեղվել էր ճանապարհից, չկար մարտավարություն, հստակ ծրագիր: «Ռեալի» ֆուտբոլիստները լուծում չէին տեսնում, անզորություն, համընդհանուր անզորություն…»:

Նախորդ հոդվածը‘Շախմատի Հայաստանի հավաքականը` Եվրոպայի փոխչեմպիոն’
Հաջորդ հոդվածը‘Կապելո. ««Բարսելոնայի» բախտը բերեց, որ Մեսսին վնասվածք ստացավ»’